Մասիս Մայիլյան. «Հանդիպումից հրաժարվելն ավելի արդյունավետ քայլ կլիներ»

«Ես չունեմ հատուկ սպասելիքներ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից։ Հայաստանի նախարարի՝ այդ հանդիպումից հրաժարվելը, հնարավոր է, ավելի արդյունավետ քայլ կլիներ, քան դրա անցկացումը։ Դա միջնորդ երկրների ուշադրությունը կգրավեր եւ կմատնանշեր ստեղծված իրավիճակի լրջությունն ու ադրբեջանական մոտեցումների չընդունումը։ Արդեն արտահայտվել եմ այն մասին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է առաջնորդվել «Կա՛մ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն, կա՛մ պատերազմ» բանաձեւով»,- այս մասին Karabakh-open.info-ի հարցին ի պատասխան ասել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Ըստ Մասիս Մայիլյանի, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների եւ դիպուկահարների պատերազմը շարունակելը, հրադադարի ռեժիմը դիտարկելու եւ վերահսկելու միջազգային մեխանիզմի ստեղծման աշխատանքներից խուսափելն ածանցյալ են վերոնշյալ ադրբեջանական բանաձեւից: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի եւ միջազգային այլ գործիչների՝ դիպուկահարներին ճակատային գծից հեռացնելու վերաբերյալ կոչերը կարող են լսվել եւ իրականանալ միայն Ադրբեջանի՝ ռազմական շանտաժի կամ ռազմական դիվանագիտության քաղաքականությունից հրաժարվելու դեպքում: Հայաստանը եւ ԼՂՀ-ն արդեն հայտարարել են դիպուկահարներին հետ քաշելու իրենց պատրաստակամության մասին, բայց հայկական պետությունները չեն կարող միակողմանիորեն դիմել այս քայլին:

«Ադրբեջանը չի դադարեցրել եւ շարունակում է սպանություններ գործել հրադադարի գծի ողջ երկայնքով՝սաստկացնելով առկա լարվածությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն ակտիվ հակագործողություններ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-դիվանագիտական հարթության վրա: Նպատակասլաց աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դրվի այնպիսի կացության մեջ, որ հրադադարի պայմաններում մարդ սպանելու հրամանները Բաքվի համար ունենան խիստ բացասական քաղաքական հետեւանքներ»,- հավելել է Մ.Մայիլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս