Երևանի քաղաքապետարանը խախտել է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները
Ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Վերանորոգման արդյունքում, սակայն, դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:
Խնդիրն այն է, որ Քաղաքաշինության նախարարությունը հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան դպրոցի հիմնանորոգման համար, որում նախատեսված չի եղել հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության ապահովումը: Սխալ հայտի հիման վրա քաղաքապետարանը տվել է առաջադրանք և, արդյունքում, դպրոցի հիմնանորոգումն իրականցվել է շինարարական նորմերի խախտմամբ: Մինչդեռ, օրենսդրությամբ նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետը պարտավոր է տալ միայն այնպիսի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համապատասխանում է սահմանված շինարարական նորմերին և օրենքի պահանջներին:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի գործողություններով խախտվել են ամեն օր դպրոց հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները և Օմբուդսմենը կայացրել է խախտման մասին որոշում:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ