Բաժիններ՝

ԱԳ նախարարները հաստատել են խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը. ԵԱՀԿ

Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)  Փարզում հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղ բանակցություններն առաջ մղելու հարցը՝ հիմնվելով Վիեննայի 2013թ. նոյեմբերի 19-ի գագաթաժողովի վրա, որին դեկտեմբերի 5-ին հաջորդել էր նախարարների հանդիպումը Կիեւում: Նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բանակցությունների միջոցով:

Դեսպան Կասպշիկը համանախագահներին տեղեկացրել է սահմանին եւ շփման գծում վերջին իրադարձությունների մասին: Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնությունների շարունակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին միջադեպերը խոչընդոտում են բանակցություններին եւ նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները: Նրանք կողմերին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմի պայմանները:

Համանախագահները ծրագրում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ բանակցությունները շարունակելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս