Գլխավոր դատախազության աշխատակցի շան պատճառով քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգված են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում։ «Ժողովուրդին» դիմած քաղաքացի Կարեն Քոչարյանը պատմեց, որ գնացել է Զովունու ճանապարհին գտնվող գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու։ Տարածքում մի հսկա շուն է հարձակվել իր վրա, հոշոտել թևը։ Նա 6 րոպե շան հետ կռիվ է տվել, որից հետո իրեն է մոտեցել ՀՀ գլխ. դատախազության ֆինանսական վարչության աշխատակից Օհան Մուրադյանը, որին էլ պատկանում են գազալցակայանը և հարակից «Օդալեն» ռեստորանային համալիրը։ Նա հանգստացրել է Կարենին և պարզելով որ բողոքելու մտադրություն չունի, ասել, թե մի՛ գնա հիվանդանոց, բան չկա, մաքուր շուն է, միայն ռեստորանի միս է ուտում։ Սակայն քաղաքացին երեկոյան վերքի շրջանում քոր է զգացել և դիմել հիվանդանոց, որտեղ հետաքրքրվել են՝ արդյոք շունը կատաղած էր։ Կարենը վերադարձել է ռեստորան՝ պարզելու։ Այստեղ նույն Օհանն արդեն թիկնապահների հետ հոխորտացել է, թե «անտեր շուն էր, մենք ի՞նչ անենք»՝ չգիտակցելով որ իր շան պատճառով քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգված են։
Ավելի մանրամասն կարդացեք՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։