Արարատ Զուրաբյան. «Այս կառավարությանը մի տրամաբանական առաջարկ կարելի է անել՝ հեռացեք». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կուտակային  կենսաթոշակի մասին օրենքին թեև դեմ են Հայաստանի ողջ ժողովուրդն ու կաղաքական ուժերը, սակայն ակտիվ մասնակցություն, համախմբվածություն կոնկրետ խնդրի շուրջ չկա։ Շատերը համարում են, որ դա լուծում չէ, և պետք է համախմբվել համակարգային փոփոխության նպատակի շուրջ։ Շատերն իրենց գրասենյակներից են հետևում այս պայքարին, քչերը՝ Ազատության հրապարակում պարզապես ներկա գտնվելով։ Շաբաթ օրը Ազատության հրապարակ այցելածների թվում էր վերածնված Հայոց համազգային շարժման ղեկավար Արարատ Զուրաբյանը։ Նա վերջին միտինգավորների վերջին շարքերում ժողովրդի հետ զրույցի էր բռնվել, իսկ հարթակում իր նախկին  գաղափարակիցներն էին՝ հին ՀՀՇ-ից սերված ու Հայ ազգային կոնգրեսի կազմում թևեր  առածները՝  Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ։

– Պարոն Զուրաբյան, ՀՀՇ-ի վերստեղծումն ավելի շռնդալից էր, քան գործունեությունը։ Ի՞նչն է Ձեզ խանգարում ակտիվ լինել։

–    Ի տարբերություն շատերի՝ մենք Հայաստանում շատ ենք տեսել, որ մարդիկ շատ բարձր ձայն են հանում, բայց այդ ձայնը դատարկ տեղից է գալիս։ Մենք սկսել ենք մեր գործունեությունը, կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո կուսակցությունը կսկսի լիարժեք գործել։

–    Ինչ-որ կարևոր բանի՞ եք սպասում կամ գուցե խնդիրնե՞ր ունեք…

–    Ոչ  մի  կարևոր  բանի  չենք սպասում,  խնդիր չունենք,  ամեն ինչ նորմալ է,  հիմա  կուսակցության  շինարարությամբ  ենք զբաղվում։   Հավաքում ենք մեր մարդկանց, սկսում ենք շրջաններում ձևավորել մեր բջիջները։ Մի խոսքով, աշխատանք անում ենք, կարծում եմ շտապելու բան չկա։ Եթե   ինչ-որ   պրոցեսներ   լինեն, մենք մեր մասնակցությունը կունենանք։

–   Պրոցեսներ չկա՞ն։ Այս պա հին մարդիկ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ են անում, էլ չասած՝ ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները։   Դրանք բավարար չե՞ն։

– Ինչպես տեսնում եք՝ հրապարակում մասնակցում եմ այս հանրահավաքին։

– Դուք, որպես քաղաքական ուժ, օրինակ, այս խնդրի կապակցությամբ որևէ առաջարկ ներկայացնելո՞ւ եք կառավարությանը։

– Ես գտնում եմ, որ այս կառավարությանը, այս իշխաևություններին մի տրամաբանական առաջարկ կարող ես անել՝ հեռացեք։ Եվ այդ մարդիկ մի ճիշտ բան կանեն՝ թողնեն ու հեռանան։ Իրենք  անելիք չունեն, այս երկիրը դարձրել  են   չքավորության,   ստրկության երկիր։

–  Մինչև հաջորդ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ որևէ փոփոխություն, բեկում ակնկալո՞ւմ եք իշխանական, քաղաքական դաշտում։

–  Ամեն օր։ Մեր տիպի երկրում ամեն օր կարելի է ինչ-որ փոփոխություն սպասել։ Ես օպտիմիստ եմ և մտածում եմ՝ ինչ-որ պահի ինչ-որ բան կփոխվի, բայց բեկման առումով ինձ համար որևէ տեսանելի բան չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս