Սեփական սեռական օրգանները նկարելու և համացանցում տարածելու մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվեց 1 ամիս կալանքի
Սեփական սեռական օրգանները նկարելու և համացանցում տարածելու մեջ մեղադրվող 58-ամյա տղամարդը դատարանի վճռով դատապարտվեց 1 ամիս կալանքի:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պոռնկագարական նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մաս): Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործով մեղադրողն ասաց, որ 58-ամյա ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարել է պոռնկագրական բնույթի նկարներ, մասնավորապես` իր առնանդամը և նկարները տեղադրել երկու կայքերում:
Բացի այդ` մեղադրողի խոսքով, գործի քննության ընթացքում պարզվել է, որ 58-ամյա ամբաստանյալը 54 վայրկյան տևողությամբ պոռնկագրական տեսանյութ է տեղադրել համացանցում: Մեղադրողի խոսքով՝ այդ ամենը հիմնավորվել է ամբաստանյալի խոստովանական ցուցմունքներով, ինչպես նաև քրեական գործում առկա այլ փաստաթղթերով: Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալի մեղքը ծանրացնող հանգամանքներ չկան: Դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել և դատապարտել՝ նշանակելով 300 հազար դրամ տուգանք:
Ամբաստանյալն էլ դատարանում հայտարարեց, որ իրեն՝ որպես կիբեռնետիկայի մասնագետ և հոգեբանության հետ առնչվող անձ հետաքրքիր էր, թե ինչն է մարդկանց դրդում մարդկային հարաբերությունների նման ինտիմ և նուրբ ոլորտը վերածել վիրտուալի:
«Ես ամեն ինչն եմ հասկանում՝ վիրտուալ ընկերություն, վիրտուալ խոսակցություններ, որ, ասենք՝ բարեկամդ, մոտիկդ, հարազատդ հեռու է, չես կարողանում անգամ մտերմիկ մթնոլրտում հավաքվես, ոնց որ ասում են՝ մի կտոր հաց կիսես և այլն, և այլն: Բայց եթե բանը հասնում է նրան, որ մարդիկ արդեն վիրտուալ, թող ներեն ինձ կանայք, վիրտուալ սեքսն է կյանքի իմաստ, կոպիտ ասած, ես դա չէի կարողանում հասկանալ: Դա էլ ինձ, ոնց որ ասած՝ իմ մեջ որպես, մի քիչ էլ Աստծուն փառք, գիտական ջիղը մեջս չի կորել, փորձեցի ես փոքր հետազոտության նման բան անել»,- ասաց ամբաստանյալը:
Նա նշեց, որ իրեն արդարացնելու ցանկություն չունի, սակայն նման կայքերում հաճախ հայտարարություններ կան այն մասին, որ մոդերատորները ստուգում են նկարները, որոնք անձը ցանկանում է կայքում տեղադրել և նկարները դաժանություն, մկազոխիստական բովանդակություն չպետք է պարունակեն, պոռնոգրաֆիկ բնույթի չպետք է լինեն: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ մոդերատորները չեն հեռացրել լուսանկրաները, իրեն թվացել է, թե դրանք պոռնկագրական բնույթի չեն: «Իմ նկատմամբ լրիվ կարելի է կիրառել ժողովրդի ասացվածքը, որ խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը»,- ասաց ամբաստանյալը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը մեղավոր ճանաչեց ամբաստանյալին: Նրա վճռով՝ ամբաստանյալը դատապարտվեց 1 ամիս կալանքի: Նա կալանքի կվերցվի, երբ դատարանի վճիռը կմտնի օրինական ուժի մեջ:
Նշենք, որ այս վճիռ օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան: