Բաժիններ՝

Պառավաքար-Վազաշեն ճանապարհին որպես այլընտրանք կառուցվող շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին

Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհին որպես այլընտրանք կառուցվող 3,2կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին: Այն կրճատելու է երթևեկությունը 1,8 կմ-ով և լինելու է առավել անվտանգ: «Եղած նախագծերից ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը` անվտանգության, ժամանակի, ճանապարհի երկարության առումներով, դա լինելու է լիովին անվտանգ ճանապարհ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման և անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը:

Արդեն 3 ամիս է Պառավաքար-Վազաշեն ճանապարհը պաշտոնապես հայտարարված է փակ: 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կրակոցներից այնտեղ մահացավ 1 և վիրավորվեց 3 զինվոր: «Այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից երկուսը՝ քաղաքացիական անձինք: Ճանապարհը հեշտ հասանելի է հակառակորդի դիտակետերին, հետևաբար որոշում կայացվեց նոր առավել անվտանգ ճանապարհ կառուցելու», – նշել է ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:

Կառուցվող ճանապարհն ավելի հեռու է հակառակորդի դիտակետերից և 2մ բարձրությամբ պաշտպանիչ պատնեշ է ունենալու: Իսկ մինչ կառուցումը շրջակա համայնքների բնակիչները պետք է օգտվեն երկու այլընտրանքային ճանապարհներից՝ Բերդ-Ճամբարակ և Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան. դրանք բարվոք վիճակում չեն, բայց անցանելի են:  «Ես ինքս դեկտեմբերին օգտվել եմ Պառավաքար-Վազաշեն ճանապարհից, բայց բնակչությանը կոչ ենք անում այլընտրանքային ճանապարհները կիրառել՝ ելնելով անվտանգությունից»,-ասել է Տավուշի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը՝ ընդունելով, որ ձմռանը այլընտրանքային ճանապարհներից մեկն ինչ-որ ժամանակով գուցե անանցանելի է լինում, իսկ մյուսն էլ՝ ընդհանուր առմամբ անբարեկարգ է:

Բախտամյանի կարծիքով՝ «Իջևանի Ճանշին» ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր ճանապարհը ժամանակին հանձնվի շահագործման. այն հեռու է կրակակետերից և ապահոված է նաև շինաշխատողների անվտանգությունը:

«Մեր մոտեցումն է` զրո զոհ և բարձր անվտանգություն: Ընտրվել է առավելագույն անվտանգ ճանապարհի տարբերակը», -հավաստիացրեց փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը՝ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետը:  Նոր կառուցվող ճանապարհի հողային աշխատանքների 70 %-ը կատարված է:

Եղանակային պայմանների հետևանքով աշխատանքները հնարավոր կլինի ավարտել միայն հունիսին՝ կարճ և անվտանգ ճանապարհով իրար կապելով Վազաշեն և Պառավաքար համայնքները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս