Բաժիններ՝

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի  ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ)  հետ որոշ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:  Պատասխանատուները նշեցին, որ Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ (ԳՍԿ) են գործում Լոռու, Շիրակի եւ  Սյունիքի մարզերում` ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 15 հազար ֆերմերի: Եւս մեկ ԳՍԿ շուտով կգործի Արարատի մարզի Դարակերտ համայնքում`այգեգործությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար:

ԳՍԿ-ների միջոցով մատուցվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի գյուղատնտեսական ծառայություններ, իրականացվում է խորհրդատվություն: Տեղեկացվեց, որ CARD հիմնադրամը նախատեսում է կառուցել եւս 7 ԳՍԿ՝  երկուսը  Գեղարքունիքի մարզում, մեկական`Կոտայքում եւ Արագածոտնում, եւս երկուսը` Արարատյան դաշտավայրում: 2016 թ-ին CARD հիմնադրամը կտնօրինի արդեն 11 ԳՍԿ:

Փոխվարչապետն այցելեց նաեւ Տաշիրի տարածաշրջանում գործող «Դուստր Մելանիա»  պանրագործական ընկերություն, ծանոթացավ արտադրության պայմաններին: Նշվեց, որ  CARD հիմնադրամի  աջակցությամբ ընկերությունը զգալիորեն բարելավել է պանրի որակը, եւ ներկայումս արտադրանքը նաեւ արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան եւ ԱՄՆ:  Բացի այդ, ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցմամբ «Դուստր Մելանիա» ընկերությունում հիմնվել է վարպետ պանրագործների դպրոց, որն աջակցում է  փոքրամասշտաբ պանիր արտադրողներին`ուսուցանելով պանրագործության հիմնական տեխնիկան:

Փոխվարչապետն այնուհետեւ Վանաձորում այցելեց Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ, շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ փաստաթղթերի պահպանման եւ աշխատանքների կազմակերպման պայմաններին: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղի ոչ բավարար շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս բնականոն գործունեության ապահովման եւ ծառայությունների պատշաճ մակարդակով իրականացման համար: Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագրի շրջանակում մասնաճյուղին նոր տարածք է տրամադրվել Վանաձորում, որը վերանորոգելուց եւ կահավորելուց հետո այնտեղ կտեղափոխվեն պահոցներն ու փաստաթղթերի մշակման, թվայնացման լաբորատորիաները: Տարածքի վերանորոգումը նախատեսվում է  իրականացնել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:

Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ նոր պայմանների ստեղծումը հնարավորություն կտա բնակչությանն ավելի որակյալ ծառայություններ մատուցել: Նա նաեւ կարեւորեց անհրաժեշտ սարքավորումներով վերազինման եւ փաստաթղթերի թվայնացման աշխատանքների իրականացումը:

Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում` մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 251 միջոցառում, որից  կատարվել է  184-ը կամ 72,5 տոկոսը:  Մարզում 2013թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 39,7 մլրդ դրամ, որից միայն 33 միլիարդը` արդյունաբերության, ՓՄՁ-ների ոլորտում եւ մասնավոր հատվածում,  քաղաքաշինության ոլորտում կատարվել են շուրջ 2 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 3 մլրդ դրամի,  սոցիալական ոլորտում`  շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրումներ:

Արձանագրվեց, որ մարզի  սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից  առաջնահերթ են մնում մի շարք գյուղական համայնքներում երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման, ինչպես նաեւ Վանաձորի Քիմպրոմի  աշխատանքների լիարժեք ապահովման հարցը:

Նշվեց, որ ձեռնարկված քայլերի արդյունքում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, գյուղացիական նշանակության հողերի օգտագործման դրական դինամիկա է նկատվում, սակայն դեռեւս առկա են բնակիչների կողմից չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու  գործընթացի հետ կապված չլուծված խնդիրներ: Կարեւորվեց  նաեւ մարզի որոշ, մասնավորապես` Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում, հակակարկտային կայանների տեղադրման հարցը:

Տեղեկություններ ներկյացվեցին նաեւ մարզի  համայնքներում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Փոխվարչապետը նշելով, որ հունվարի 1-ից «Լոռիջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը նոր կոնսորցիում է ստանձնել,  մարզային եւ տեղական  իշխանությունների ներկայացուցիչներին հորդորեց համագործակցել նոր կառավարիչների հետ:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ  2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 98.3 %: 2012 թվականի  համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է 6.9 %-ով  կամ 356.534 հազար դրամով: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 98.9 %-ով, հողի հարկի հավաքագրումը` 89.6 %-ով:

Հունվարի 10-ի դրությամբ  միայն հողի  հարկի եւ գույքահարկի մասով  խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ  կազմում է շուրջ 58 մլն դրամ, որից միայն Վանաձոր քաղաքի բյուջեի նկատմամբ պարտավորությունը 50, 8 մլն դրամ է: Փոխվարչապետը  քաղաքապետներին հորդորեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Նա անթույլատրելի համարեց հատկապես քաղաքային համայնքներում բյուջեների թերակատարումն ու ապառքների կուտակումը եւ առաջարկեց բյուջեների կատարման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել հենց տարեսկզբից:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ Վանաձորի քաղաքային իշխանությունները քաղաքի զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն կառավարություն:

Փոխվարչապետը կարեւորեց նաեւ մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ համպատասխան աշխատանքների իրականացումը եւ ֆինանսական  կարգապահության ապահովումը:

Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 113  համայնքից  48-ում, որոնցից 39 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն:

Քննարկվեցին նաեւ  մարզում  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

 Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս