Վանաձորցի երգչուհին օգնության կարիք ունի.«Ձեր ներդրած տասը դրամը ինձ համար տասը րոպեի կյանք է»
Վանաձորցի Մանե Ոսկանյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է որպես Մանե Ոսկան, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, երգչուհի, երգահան: Մանեն հեղինակ է ութ տասնյակից ավելի երգերի, որոնց մի մասը կատարել է հենց ինքը, իսկ մի մասը`հայ անվանի երգիչ-երգչուհիներ, այդ թվում նաեւ՝ Ֆլորա Մարտիրոսյանը, գրում է asparez.am-ը:
Իր կյանքում Մանեն բազում հաջողություններ է արձանագրել. գերազանցությամբ ավարտել է 2 բարձրագույն ուսումնական հաստատություն, աշխատել մայրաքաղաքի նախագծման ինստիտուտում եւ վայելել իր երջանկությունը ընտանեկան համեստ մթնոլորտում: Եւ ինչպես ցանկացած կնոջ կյանքում, Մանեի կյանքում էլ շատ բան փոխվեց առաջնեկի ծնունդով: Բայց այստեղ խոսքը ամենեւին էլ փոքրիկին խնամելու դժվարությունների հետ չի կապված: Ինչպես նշում է Մանեն, հիվանդությունն ի հայտ է եկել երեխայի ծնունդից ամիսուկես անց: Մեծաթիվ հետազոտություններից հետո Մանեի մոտ ախտորոշվեց պերիպարտում կարդիոմիոպատիա՝ երկրորդային սինուսային տախիկարդիա: Բանն այն է, որ նման հիվանդություն առաջանում է ծննդաբերությունից հետո՝ 14 հազար կնոջից մեկի մոտ:
Գրեթե 3 տարի է անցել այն պահից, երբ լույս աշխարհ եկավ Մանեի եւ Թեւոսի փոքրիկը ու այդ երջանիկ օրվանից ընդամենը ամիսուկես անց, այս ընտանիքի համար սկսվեցին իսկական փորձություններ՝ ամեն վայրկյան կռիվ տալով կյանքի ու հիվանդության գոյապայքարում: «Շատ, ծանր, դժվար իրավիճակների միջով եմ անցել այս երկու տարվա մեջ, բայց այն ուժը, որ կա կողքիս եւ մեծանում է ինձ հետ՝ իմ փոքրիկ Մաթեւոսիկը, պահում է ինձ մինչ այսօր»,-նշում է Մանեն. Ինչպես բժիշկներն են հավաստում, այս երկուսուկես տարվա ընթացքում ստացած բուժումը միայն նպաստել է նրան, որ Մանեի վիճակն ավելի չվատթարանա, բայց երկարատեւ արդյունք ապահովել հնարավոր չի եղել:
Մանեի ընտանիքի անդամներն ու հարազատները ամեն ջանք գործադրում են հարազատի կյանքը փրկելու համար, բայց երբ արդեն խոսք է գնում սրտի բարդ՝ քառակի վիրահատության կամ սրտի տրանսպլանտացիայի մասին, որը որ հնարավոր չի իրականացնել Հայաստանի եւ ոչ մի բժշկական հաստատությունում, միայն հարազատների ջանացավությունն ու օգնությունը բավարար չի: Ընտանիքը ակնկալում է անհատների ու տարբեր կազմակերպությունների աջակցությունը: «Բժիշկներն ասում են, որ սրտիս վիճակը գնահատվում է երրորդ աստիճանի ռիսկային՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հաջորդ վայրկյանին այն պարզապես կարող է դադարել գործել,- ասում է Մանեն ու օգնություն խնդրում,- ձեր ներդրած տասը դրամը ինձ համար տասը րոպեի կյանք է, իսկ իմ փոքրիկի համար՝ ծնողի իր կողքին լինելու տասը տարվա երջանկություն»: «Մենք բավականին փորձել ենք օգնել Մանեին, գնացել ենք թե՛ Հայաստանի, թե Վրաստանի շատ բժշկական հաստատություններ, բավականին մեծ գումարներ ենք ծախսել Մանեի առողջության վերականգնման համար, բայց հիմա արդեն խոսքը ոչ թե հազար կամ երկու հազար դոլարի, այլ տասնյակ հազարների հասնող գումարի մասին է : Բժիշկն ասել էր, որ կգա մի պահ, որ դեղերը իրանց ազդեցությումը չեն ունենա ու անհրաժեշտ կլինի վիրահատական միջամտություն կատարել: Եթե հնարավորություն ունեք, խնդրում եմ ներդրեք Մանեի առողջությունը վերականգնելու համար, օգնեք մեր փոքրիկ ընտանիքին»,-ավելացնում է Մանեի ամուսինը: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց լուման ներդնել մարդկային կյանք փրկելու համար, կարող են իրենց դրամական փոխանցումները կատարել Արարատբանկի 151 001 248 490 100 հաշվեհամարին դրամով եւ 151 001 248 492 010 1 հաշվեհամարին դոլարով: