Ոչ իշխանական ուժերը Տիգրան Սարգսյանին իմպիչմենտ չեն հայտարարի

Հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական հասարակություն-քաղաքական ուժեր համատեղ հանրահավաքը շարունակական կլինի՞, թե՞ միավորումը եւ միասնական պայքարը կավարտվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի՝ հունվարի 18-ի բազմամարդ հանրահավաքը վկայությունն էր, որ հասարակությունը այլեւս չի պատրաստվում հանդուրժել ներկա իրավիճակը:

«Ապացուցեց, որ մարդիկ պատրաստ են պայքարել այսօր, ապացուցեց, որ անկախ այն բոլոր հակաքարոզչական մեթոդներից, որը կիրառվում էր վերջին օրերին, եւ անկախ նրանից, թե որ կուսակցություններն են մասնակցում, ինչպիսի հայացքներ ունեցող մարդիկ են մասնակցում, բոլորին միավորում է մեկ բան, որ այսպես ապրել չի կարելի, եկել է ժամանակը, որ ժողովուրդը իր ձայնը հայտնի, եւ կարծում եմ, որ ամսի 18-ին իրոք ժողովուրդը ապացուցեց, որ հոգնել է այս իրավիճակից և պատրաստ է պայքարել փողոցում, քանի որ այլ տարբերակներ այլեւս չի մնացել»,- ասել է պատգամավորը:

Խորհրդարանական չորս խմբակցությունների համատեղ պայքարը հետագա ի՞նչ հեռանկարներ ունի, եւ հնարավո՞ր է, որ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները անվստահություն հայտնեն գործող կառավարությանը, հարցին Վ. Բաբայանը տվել է հետեւյալ պատասխանը. «Ամեն ինչ հնարավոր է: Անվստահություն հայտնելու պրոցեդուրան սահմանադրորեն ամրագրված պրոցեդուրա է, որը կարող է անել խորհրդարանը, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է հստակ քննարկվի չորս ոչ իշխանական խմբակցություններում, քննարկվի այն հասարակական շրջանակների հետ, ովքեր պայքարում են եւ համագործակցում են, եւ նաեւ այս հարցը պետք է դիտել որպես ստրատեգիական ինչ-որ մի քայլ:

Բայց դուք լավ գիտեք, որ խորհրդարանում կա գերակշիռ մեծամասնություն, եւ յուրաքանչյուր նմանատիպ քայլ հանդիպում է իրենց ճնշմանը, բայց մենք ունենք մի դրական բան, որ ժողովուրդը եւ հասարակությունը իրականում կորցրել է վստահությունը, իրականում ոչ մի ռեսուրս չի մնացել կառավարությանը, որպեսզի ինքը համոզի, բացի իրենց քարոզչական ինչ-որ հեքիաթներից եւ հակաքարոզչական նյութերից, որոնք տարածվում են համացանցում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս