Արմեն Մովսիսյանը մեր քաղաքական թիմի ամենափորձառու նախարարն է. Վահրամ Ավանեսյան

eMedia.am-ը Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին հետևած զարգացումների ներքո մի քանի մեկնաբանություն է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից։

– Պարոն Ավանեսյան, անդրադառնալով Ռ. Քոչարյանին ուղղված Ա. Մովսիսյանի արձագանքին դուք ասացիք, որ չեք կարծում, որ նման գնահատական տալ հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակի վրա, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են և, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ կկարողանան նման գնահատականներ տալ: Արդյո՞ք Արմեն Մովսիսյանը տվել է ոչ պրոֆեսիոնալ գնահատական:

-Հաշվի առնելով երեկվա՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում առաջացած ոչ միանշանակ վերաբերմունքը իմ խոսքերի նկատմամբ, ցանկանում եմ պարզաբանել: Ես բացարձակապես կասկածի տակ չեմ դրել իմ գործընկերոջ՝ Արմեն Մովսիսյանի պրոֆեսիոնալ կարողությունները: Պարոն Մովսիսյանը մեր քաղաքական թիմի ամենափորձառու նախարարն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեր կառավարության ամենահին անդամն է: Եվ հենց նա է այն քիչ մարդկանցից մեկը, ով կարող է այս ոլորտի բոլոր գործարքների վերաբերյալ տալ պրոֆեսիոնալ գնահատական, հաշվի առնելով իր անմիջական ներգրավվածությունը դրանց մեջ, ինչն էլ արել է: Նորից եմ կրկնում, ես այդ քիչ մարդկանցից մեկը չեմ, քանի որ գույք պարտքի դիմաց գործարքի մանրամասներին ծանոթ չեմ: Իսկ բուն գործարքի համար երեկ արդեն նշել եմ, որ գազի այսօրվա եղած պայմանագրերը Հայաստանի համար ամենաշահավետն են և չեմ կարծում, որ ավելի շահավետ պայմանագիր ունենալու հնարավորություն կա:

– Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Դուք պաշտպանել էք երկրորդ նախագահի քննադատությունը:

-Այստեղ ցանկանում եմ հստակություն մտցնել: Ես ասել եմ, որ ընդհանրապես քննադատությունը նորմալ բան է: Քննադատությունը մեզ ավելի է ուժեղացնում: Դա բնավ չի նշանակում, որ ինձ համար ընդունելի է Քոչարյանի քննադատությունների մասնագիտական բովանդակությունը: Ակնհայտ փաստ է, որ եթե ՀՆԱ-ում շինարարության ոլորտի մասնաբաժնինը կազմում է 25%, եթե նույնիսկ չլիներ ֆինանսատնտեսական ճգնաժամը, այդ տեմպը երկարաժամկետ, կամ միջնաժամկետ հեռանկարում պահպանելն անհնար էր լինելու: Իսկ «փուչիկ»-ը տնտեսագիտական կատեգորիա և տերմին է, այն օգտագործված է եղել տեղին և որևէ վիրավորական իմաստ չի պարունակել: Վարկերի մասով ցանկանում եմ նշել, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրանք դեռևս չեն կարող ունենալ մեծ արդյունավետություն և շինարարության ոլորտի խթան հանդիսանալ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ ես հարցականի տակ եմ դնում վերջին տարիներին հիփոթեքային վարկերի ծավալների աճող ցուցանիշները, ինչը չափազանց կարևոր երևույթ է:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս