Տիգրան Ուրիխանյանի պատասխանը՝ Գալուստ Սահակյանին. «Ի՞նչ ցինիզմի դրսևորում է»
«Դժգոհություն ու բունտ, գիտեք, դրանք երևույթներ են, որոնք, արդեն երկար ժամանակ է, կան»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հասարակության շրջանում նկատվող սոցիալական դժգոհությունները կարո՞ղ են վերածվել լուրջ ըմբոստության:
«Դժգոհության տեղային արտահայտումները, պոռթկումները՝ տարբեր տեսակի սոցիալական խավերի, առանձին մարդկանց, խմբերի կողմից, ինքնին արդեն բունտ է, էլ ինչպե՞ս կարելի է անվանել: Դժգոհությունը հասնում է կրիտիկական մակարդակի, և ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ կլինի, եթե տեղի չունենան շատ կոնկրետ, մարդկանց համար տեսանելի փոփոխություններ»,- ասաց Ուրիխանյանը:
Որպես լուծում՝ ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է քաղաքացիներին ապահովել աշխատանքով, ավելացնել եկամուտները, քանի որ, ըստ նրա, ծառայությունները, ապրանքների գները և, ընդհանրապես, կյանքի կենսամակարդակն ապահովելու համար անհրաժեշտ վճարներն անընդհատ բարձրանալու միտում ունեն:
«Դրա համար պետք է տնտեսությունը ոտքի հանել, ազատել մենաշնորհներից, իրապես ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Հայաստանում կա՞ն այդ պայմանները, թե՞ ոչ: Եկեք մի միջին-վիճակագրական քաղաքացու տեսանկյունից նստենք ու մտածենք՝ ի վիճակի՞ ենք մտնել գործող սարսափելի հարկային բեռի, ես կասեի՝ տեռորի տակ, չենք կարող: Ունե՞նք հնարավորություն՝ վարկեր ստանալու նույնիսկ գրավադրմամբ՝ այս խայտառակ տոկոսադրույքների ու բանկային խարդախությունների պայմաններում, իսկ դրանք, իմ անձնական համոզմամբ, գործում են՝ օրենքի շրջանակներում մարդկանց պարզապես կողոպտելու համար»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հենց այս համատեքստում էլ ԲՀԿ մամուլի խոսնակը հիշեց իշխանության ներկայացուցիչներից մեկի՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի արտահայտությունը կոմունալ վարձավճարների վերաբերյալ քաղաքացիների դժգոհության մասին:
«Վերջերս իշխանության քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից մեկն ինչ-որ խնայելու, տնտեսելու մասին էր խոսում: Երբ ես ասում եմ՝ հարգելի կառավարություն, էդ որ 200 մլն ծախսում եք ձեր շենքերի՝ առանց այն էլ բարվոք վիճակում գտնվող ճակատամասերի ու տանիքների վերանորոգման վրա, իսկ մանկապարտեզում երեխաների գլխին առաստաղից քարեր են ընկնում, և այլն, պատասխանում են՝ «հնարավոր է, բայց ոչ»: Օրումեջ ծառայողական մեքենաներ են փոխում: Այդ դեպքում չե՞ն մտածում տնտեսելու մասին: Այստեղ տեղին է հիշել վարչապետի մի քանի տասնյակ հազար արժեցող ինքնաթիռային գործուղումները և այլն: Այսինքն՝ տնտեսելուց խոսելն ի՞նչ ցինիզմի դրսևորում է»,- ասաց Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարն օրերս yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան դիտարկմանը, որ ցուրտ ձմռան արդյունքում մարդկանց կոմունալ ծախսերը հավասարվել են միջին քաղաքացու աշխատավարձի չափերին, ասել էր. «Իհարկե, դաժան է: Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել, առավել ևս, կարծում եմ, որ էն 270 հազար մարդու աշխատավարձերը, որոնք կբարձրանան, մի քիչ կմեղմեն վիճակը»: