Տրանսպորտի վատ աշխատանքը հատո՞ւկ է կազմակերպված
«Ժամանակի»-ի տեղեկություններով տրանսպորտի վերջին շրջանի վատ աշխատանքը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված բնույթ է կրում։ Նամանավանդ, որ այդպիսի դեպքեր վերջերս եղան, երբ մի քանի տարբեր գծատերերն ի նշան բողոքի հայտարարեցին, որ դուրս չեն գա երթուղի, մինչև քաղաքապետարանը ուղեվարձը չդարձնի 200 դրամ։ Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, չհամաձայնեց, որ որոշ երթուղայինների և ավտոբուսների բացակայությունը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված է։ Նրա համար դա անհիմն և կուլիսներում արվող հայտարարություն է։ «Անապատասխանատու հայտարարություն է, թե սրա համար է արվում, նրա համար է արվում, մենք չենք կարող հիմք վերցնել, պետք է փաստերով խոսել»,-ասել է։
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքով։ Եվ դա ոչ միայն երեկոյան ժամերին, այլև առավոտյան՝ աշխատանքի գնալու պիկ ժամերին։ Իսկ երեկոյան ժամերին, հատկապես 19։00-ից հետո քաղաքում գրեթե ավտոբուս հնարավոր չէ գտնել, երթուղային տաքսիներն էլ երթևեկում են վերը նշված ժամանակահատվածով։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։