
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման հեռանկարները

ԼՂՀ շրջաններում ջրամատակարարման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման հնարավորությունները քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը։
Քննարկումները միտված էին համայնքների բնակիչներին որակյալ ջրամատակարարում ապահովելուն, ինչպես նաև տեղերում առաջացող տեխնիկական վթարների օպերատիվ վերացման խնդիրների կարգավորմանը:
Կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև սակագնային քաղաքականությանը` նշելով, որ անհրաժեշտ է առանձնատներում խմելու ջրի խողովակով ստացվող ոռոգման ջուրը սակագնային առումով տարբերակել խմելու ջրից, ինչի կապակցությամբ պատասխանատուներին ուսումնասիրելու և առաջարկություն ներկայացնելու հանձնարարական տրվեց:
Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատու անձինք: