Ծեծել է կնոջը՝ «Օդնոկլասնիկ»-ում էջ ունենալու համար
Գյումրիի 30-ամյա բնակիչ Արթուր Չաքմիշյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ խանդի հողի վրա իր կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ.Մովսեսյանի նախագահությամբ, 2013թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով նրան դատապարտել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ Արթուր Չաքմիշյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Արագացված դատաքննության կարգով անցկացված քննության ընթացքում պարզվել է, որ Արթուր Չաքմիշյանը 2013թ. հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում, խանդի հողի վրա՝ համացանցի «Օդնոկլասնիկ» կայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և դավաճանելու կասկածանքի առիթով վիճաբանել է կնոջ՝ Արփինե Չաքմիշյանի հետ: Վեճի ընթացքում, ըստ մեղադրանքի, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հյուրասենյակից նախապես վերցված ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ որովայնի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո, դանակը թողնելով խոհանոցում, հեռացել է տանից։ Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Ըստ 11.09.2013թ. դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Արթուր Չաքմիշյանի մոտ հայտնաբերվել է «անձի շիզոիդ խանգարում», սակայն միաժամանակ դրանում նշվել է, որ նա ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը ու ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արթուր Չաքմիշյանին հարկ է եղել ճանաչել մեղսունակ:
Մանրամասները այստեղ`