Բաժիններ՝

Բաց դիմում Սերժ Սարգսյանին

tesankyun.am-ը գրում է. Ռուբեն Հայրապետյան, Մոսկվա-Տավուշի մարզ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

«Պարոն նախագահ.

Մոսկովյան թերթերից մեկը կանոնավոր կերպով իր էջերում կենսահարույց տարբեր հարցերով նամակներ է հղում երկրի ղեկավարներին: Ես չգիտեմՙ կարդո՞ւմ են Կրեմլում դժգոհության այդ գրավոր դրսեւորումները: Անձամբ ես երբեք չեմ մտածել լրագրողական այդ ժանրի մասին, սակայն վերջերս, լինելով իմ փոքր հայրենիքում` Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերում, որոշեցի դիմել Ձեզ ինձ համակած մռայլ զգացումների կապակցությամբ: Թեեւ նույնքան տեղյակ չեմ, թե ինչ բախտի են արժանանում նման նամակները Բաղրամյան պողոտայի հայտնի պաշտոնավայրում:

Պրն նախագահ, այս տարի հերթական անգամ ազերիները գնդակոծել էին սահմանամերձ Չինարի գյուղի երկու տունՙ զգալի նյութական վնաս պատճառելով դրանց: Ընտանիքներով փախել էին տնիցՙ սարսափի ծանր պահեր ապրելով: Այդ տներից մեկի անմիջական հարեւանությամբ մի փոքրիկ կրպակ է դրված, որը որպես յուրօրինակ թիրախ ավելի հաճախ է արժանանում «հարեւան» գնդացրորդների ուշադրությանը: Տանտեր-վաճառողը, որն, ի դեպ, երկրորդ կարգի հաշմանդամ է, իր բազմանդամ ընտանիքի գոյատեւման հանապազօրյան այդ կրպակից ստացած համեստ միջոցներով է հոգումՙ վաճառելով մոտ մի քանի հազար դրամ ընդհանուր արժողությամբ մանր-մունր իրեր: Եվ ահա, ասես ի լրումն ազերիների բարբարոսության, Չինարի է ժամանում մարզի նորին գերազանցություն հարկային տեսչության ներկայացուցիչը եւ ինչ-ինչ խախտումների համար «բիզնեսմենին» տուգանում… 150,000 դրամով եւ, չբավարարվելով դրանով, գումարում եւս 25,000 դրամ վարչական տույժՙ ահռելի մի գումար սահմանամերձ գյուղի խեղճուկրակ բնակչի համար: Ընդ որում, հարկահավաքը նրան չի տալիս դրամը գանձելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: Ապշեցնում է այս չինովնիկի ու նրան ուղարկողների արտառոց դաժանությունը (այս ողորմելիներին որեւէ օլիգարխի որեւէ օբյեկտի շեմից էլ ներս չէին թողնի): Շուրջօրյա թշնամական կրակոցների տակ գոյատեւող չինարեցիները պարզապես հերոսներ են, որ շատերի պես չեն լքում իրենց սահմանամերձ բնակավայրը եւ շարունակում են ապրել այնտեղՙ հողը մշակելով գիշերները: Եվ առհասարակ, այս տարածաշրջանում սուղ են, շատ սուղ են ապրուստի պայմանները, քանզի երկրամասը բառի բուն իմաստով ծվարած է լեռների մեջՙ տասնյակ կիլոմետրերով կտրված տրանսպորտային խոշոր մայրուղիներից: Եթե նշյալ տխրահռչակ հարկային տեսուչը պետական տարրական մտածողություն ունենար ու բանական մարդկային խիղճ, նա իր վերադասին կզեկուցեր, որ այդ մարդը հաշմանդամ է, որ նա երեքՙ մեկ զինվորի եւ երկու դպրոցականի հայր է, ու պետք է նրա նկատմամբ ներողամիտ լինել: Իսկ եթե այս չինովնիկը գործում է այլ կերպ, ապա վերածվում է սովորական խոտակերի, որի համար Չինարին սոսկ արոտավայր է»:

Մանրամասները այստեղ`

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս