Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կուբա (լուսանկարներ)
Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։
Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշեց, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնեց, որ առավել, քան տաս տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելությունը միտված է ամրապնդելու Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ։
Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Կուբայի կառավարության կողմից երկրի տնտեսության արդիականացման նպատակով նախատեսվող բարեփոխումները։ Նա ընդգծեց, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով։
Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին առևտրատնտեսական, առողջապահությանս, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը։
Նույն օրը տեղի ունեցան Հայաստանի և Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Բրունո Ռորդիգես Պարիյայի բանակցությունները։
Ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Կուբայի արտգործնախարարը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։
Նախարար Ռոդրիգեսը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում երկրում մի քանի տասնամյակ աշխատած հայ մասնագետների ներդրումը, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցել Կուբայի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատեցին իրենց երկրների շահագրգռվածությունը հիմնվելով պատմականորեն ձևավորված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա՝ գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման և ընդլայնման նպատակով։
Հայաստանի և Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, գիտակրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերը:
Տուրիզմի խթանման նպատակով զրույցի ընթացքում կարևորվեց Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։
Կուբայի արտգործնախարարը ներկայացրեց լատինամերիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանցում իր երկրի դերակատարությունն ու մոտեցումները։
Իր հերթին նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանին և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը Կուբացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան։
Նախարարական հանդիպումից հետո Կուբայի արտգործնախարարը պաշտոնական ընդունելություն տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին, որին ներկա էին Կուբայի ԱԳՆ ղեկավարությունը, Հավանայում հավատարմագրված շուրջ հինգ տասնյակ դեսպաններ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։
Կուբայի խորհրդարանի ղեկավարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։
Այդ համատեքստում շեշտվեց երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-կուբական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ լրջորեն կխթանի համագործակցության ընդլայնումը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կուբայի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիազի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մալբիեկան՝ ընդգծելով կուբական կողմի շահագրգռվածությունը խորացնել Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը, մանրամասն տեղեկություններ հաղորդեց Կուբայում ծրագրվող տնտեսական բարեփոխումների և ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ։ Այս համատեքստում արծարծվեց երկու երկրների Առևտրի պալատների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը։
Կուբայի արտաքին առևտրի նախարարը հրավիրեց Հայաստանին մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարի համար։
Նախարարները կարևորեցին տնտեսական շրջանակային համաձայնագրերի նախախապատրաստումը՝ որպես այդ բնագավառում փոխգործակցության խթանման կարևոր քայլ։
Հավանյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում ունեցավ կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։
Զրույցի ընթացքում արծարծվեցին Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի կենտրոնի և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։
ՀՀ ԱԳՆ