Պատգամավորի ընկերությունը երկու շաբաթ է, չի սպասարկում 4 գյուղերի երթուղին
hetq.am-ը գրում է. Դեկտեմբերի 25-ից Արմավիրի մարզի Դողս, Ամբերդ, Լեռնամերձ, Աղավնատուն գյուղերի բնակիչները զրկված են հասարակական տրանսպորտից: Այս գյուղերը հարեւան են եւ սպասարկվում են հասարակական նույն տրանսպորտով: Սովորաբար օրական 10 անգամ ավտոբուս պետք է մտնի նշված համայնքներ, սակայն տոներից առաջ եւ հիմա բնակիչները նույնիսկ մեկ ավտոբուսի են կարոտ: Երթուղին սպասարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերությունը:
Պատգամավորի հայրենի Արշալույս գյուղում իր ընկերության ավտոբուսները սպասարկում են անխափան, սակայն վերը նշված գյուղերի, ինչպես նաեւ մի շարք այլ համայնքների երթուղիները սպասարկվում են քմահաճույքով: Իսկ այն օրերին, երբ ավտոբուսները «գիծ» են դուրս գալիս, մնում են կես ճանապարհին և ստիպված են կես ճանապարհից հետ գնալ, քանի որ «Պազիկ» ավտոբուսները գրեթե պիտանի չեն շահագործման եւ անընդհատ անսարքություններ են ի հայտ գալիս:
Վերջերս էլ վարորդներից մեկը չէր կարողանում կանգառներում կանգնել, որովհետեւ ճանապարհի կեսից արգելակները սկսեցին չաշխատել: Ավտոբուսում վախից քարացած մարդկանց հորդորում էր պատուհանները բացել եւ կանգառում սպասողներին տեղեկացնել, որ չկանգնելու պատճառը արգելակների խափանումն է:
Էջմիածնից նշված գյուղեր եւ հակառակը տաքսիները մարդկանց տանում են 1000-1300 դրամով: Դեկտեմբերի 25-ից գյուղացիները երթեւեկում են բացառապես տաքսիներով, ինչը թանկ հաճույք է: Վիճակը սարսափելի է հատկապես առավոտյան եւ երեկոյան, երբ մարդիկ գնում են աշխատանքի, դասի կամ վերադառնում են տուն:
Մանրամասները այստեղ`