Գալուստ Սահակյանը՝ Առաքել Մովսիսյանի մասին. Կարո՞ղ ա՝ ուրիշից խլած գումար ա
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացնում է, որ կուսակից պատգամավոր Առաքել Մովսիսյանի մասին հայտնված տեղեկությունները, թե վերջինս խաղատանը գումար է տանուլ տվել, իրականությանը չեն համապատասխանում:
168.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը շեշտեց, որ եթե անգամ Առաքել Մովսիսյանը խաղատուն է գնացել, գումար է պարտվել, դա օրինական է: «Նորմալ վերաբերվելու խնդիրը չէ… Լրիվ օրինական է, նույնիսկ եթե մեծ գումարներ պարտված լինի, ինչպես գրում են` չնայած` ասում եմ` իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ՀՀԿ-ն պետք է դատապարտի պատգամավորի նման վարքը, հետաքրքրվեցինք` արդյոք իշխող մեծամասնությունը որևէ քայլ կձեռնարկի” այս հարցում:
Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարը զարմանքով ասաց. «Հարցը անհեթեթ է: Դա անիմաստ հարց է: Նախ և առաջ անհյատ է` այդպե՞ս է, թե՞ ոչ: Ե՛վ պատգամավորը կարող է մեծ գումարներ ունենալ, և՛ լրագրողը, և՛ ՀՀ քաղաքացին: Անհեթեթ հարց է: Ի՞նչ է նշանակում` գումարներ է պարտվել: Կարո՞ղ ա ուրիշից խլած գումար ա… դա լրիվ իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասել էր, թե խաղատուն չի այցելել ու գումար չի պարտվել: