Գարեգին Նուշիկյան. Կազինոյում խաղալը հանցանք չէ

«Կազինոյում խաղալը, վերջին հաշվով, հանցանք չէ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը` անդրադառնալով տեղեկություններին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խաղատանը գումար է տանուլ տվել:

«Ես Առաքել Մովսիսյանի անձնական կյանքի մեջ չեմ ուզում խառնվել, գնահատականներ տալ: Ես լավ չեմ ճանաչում Ա. Մովսիսյանին, բայց որքանով ճանաչում եմ` շատ նորմալ անձնավորություն է: Կարող է և տանուլ է տվել… ես ի՞նչ իմանամ, չգիտեմ, իրա հետ չեմ եղել տանուլ տալու ժամանակ, որ կարողանամ ասեմ` իրականում նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ամեն մարդ իր կյանքը յուրովի է տնօրինում, ամեն մեկն ինքն է որոշում` ինչպե՞ս անցկացնի իր ազատ ժամանակը: Հիմա կազինոյում խաղալը, վերջին հաշվով, հանցանք չէ, ոչ էլ բացասական գիծ է»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Ըստ Գ. Նուշիկյանի` ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ եղել է խաղատանը: «Ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ եղել է կազինոյում, և ինչ-որ խաղադրույք կատարել է: Բայց դա չի նշանակում, որ նրանք, ովքեր կազինո են հաճախում, վատ մարդիկ են»,- նշեց նա:

Մեր հարցին, թե Դուք ևս խաղատներ այցելե՞լ եք, պատգամավորը դրական պատասխան տվեց` նշելով. «Ես Հայաստանում կազինոյում չեմ եղել, բայց Մոնակոյի կազինոյում երկու անգամ կնոջս հետ միասին եղել եմ: Հատուկ չեմ գնացել Մոնակո, որ կազինոյում խաղամ, ուղղակի մեկ-երկու անգամ մտել եմ, որովհետև հյուրանոցի ներսում կազինո կար: Ես սրանում վատ բան չեմ տեսնում»:

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասել էր, թե խաղատուն չի գնացել ու գումարներ տանուլ չի տվել:

Տեսանյութեր

Լրահոս