Ռոբերտ Քոչարյանը վախեցա՞վ Սերժ Սարգսյանից. ԳԱԼԱ
Ազատամարտիկ, ՀԱԿ ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան հարցազրույցի մասին, կարծիք է հայտնել, որ լինելով երկրի նախկին նախագահ՝ նա պետք է ավելի հաճախ ներկայացնի իր դիտարկումները, ավելին, եթե ներկայանում է որպես սրտացավ մարդ, վաղուց պետք է արձագանքեր, երկրում առկա իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցներ:
Մյասնիկ Մալխասյանը Տիգրան Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան բանավեճում լավատեսական տարրեր էլ է տեսնում: Ասում է՝ երկրի աղետալի իրավիճակի մասին այսօր արդեն արձագանքում են մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այդ վիճակի համար: Իշխանության ներսում կամ ժամանակին այնտեղ տեղ զբաղեցրած մարդիկ են այսօր խոսում այն մասին, որ իրավիճակը Հայաստանում մտահոգիչ է:
Իսկ հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ երկրորդ նախագահը կրկին փորձեր անի վերադառնալ քաղաքականություն, Մալխասյանն արձագանքեց. «Մեր հասարակությունն այն վիճակին է հասցվել, որ այս իրավիճակից փրկվելու համար կարող է ամենածայրահեղ քայլին էլ գնա: Քոչարյանի վերադարձը խայտառակություն է… մի մարդ, որի իշխանության օրոք տեղի է ունեցել Հոկտեմբերի 27, տեղի է ունեցել Ապրիլի 12, տեղի է ունեցել Մարտի 1… Եթե հասարակությունը հանդուրժի նման մարդու վերադարձը, ուրեմն դա լրիվ արդեն կործանում է նշանակում»:
ԱԺ նախկին պատգամավորը գերադասում է չխոսել Քոչարյանի թիմի մասին կամ այն հարցի, թե ո՞ր ուժերի օգնությանը կդիմի նա՝ քաղաքականություն վերադառնալու համար: Մյասնիկ Մալխասյանը խոսում է երկրորդ նախագահի ֆինանսական կարողության մասին:
«Խոսվում է ինչ-որ չափի գումարների մասին, այս տարիների ընթացքում մեր երկրի հարստությունը կուտակել է նրա ձեռքում: Եթե այդ գումարները կենտրոնացված են, ապա դրանք արդեն իսկ վտանգավոր են, որովհետեւ աղքատ հասարակության համար նման գումարները վտանգավոր են: Իսկ եթե գումարը կա, այդ թիմը ձեւավորելն այդքան էլ բարդ բան չէ: Իսկ Քոչարյանի հավատարիմները նրանք են, ովքեր թաթախված են այդ հանցագործությունների մեջ: Բնականաբար նրանք էլ ամեն կերպ կձգտեն, կուզենան պահպանել իրենց հարստությունը, իրենց ունեցվածքը: Նրանց չի հետաքրքրում երկրի ճակատագիրը»:
Հարցին, թե ինչու՞ Քոչարյանը գերադասեց խնայել Սերժ Սարգսյանին եւ սլաքներն ուղղեց վարչապետ Սարգսյանի ուղղությամբ, Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Այդ պատասխանը Ռոբերտ Քոչարյանը պետք է տա իր թիմի անդամներին, թե ինչու խնայեց, չխնայեց, վախեցավ, դուխը չհերիքեց… ես ի՞նչ կարող եմ ասել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: