Բաժիններ՝

Ընտանիքը պահանջում է հայտնաբերել Հարությունյանի որդուն բռնության ենթարկած անձին

Ոստիկանությունն ուսումնասիրում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն բռնության ենթարկելու մասին հայտարարությունները, փոխանցում է ոստիկանության լրատվության բաժինը, տեղեկացնում է azatutyun.am -ը։

Կալանավորված Շանթ Հարությունյանի ընտանիքն ու համախոհները պահանջում են հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 30-ին քաղաքի կենտրոնում 14-ամյա Շահեն Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրած անձին:

Դեռևս անհայտ այդ անձը թռուցիկներ բաժանելու պահին հրել գցել է գետնին, տղայի  և ներկաների պնդմամբ, թևերը ոլորելով պահանջել է ուտել գետնին ընկած թուղթը։ Եվ Շահեն Հարությունյանը, և ընկերները կասկածում են, որ այդ անձը քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Մետրոյի «Բարեկամություն» կայարանում։

Ինչպես տղան նշել է ռադիոկայանի հետ զրույցում, այդ օրը ոստիկաններն ի սկզբանե փորձել են խոչընդոտել հունվարի 1-ի ակցիայի մասին իրազեկող թռուցիկները բաժանել, իրենք չեն ենթարկվել և մետրոյից դուրս գալու ժամանակ այս տղամարդն է մոտեցել։

«Ասաց՝ դուրս էկեք, ու ահավոր կոպիտ։ Ասացինք՝ ձեր փաստաթուղթը ցույց տվեք, որ ոստիկան եք, պատասխանեց՝ ես ոստիկան չեմ, քաղաքացի եմ։ Ու հենց դա ասելու վրա ոստիկաններին հրաման է տալիս, ասում է՝ սրանց դուրս հանեք ստեղից։ Հետո քաշքշուկ, ձեռքերս ոլորտեց, գցեց գետին, ասաց՝ դե կեր գետին ընկած թուղթը։ Ընկերներս հազիվ բաժանեցին…»,- պատմել է պատանին։

Շահեն Հարությունյանի պնդմամբ, մինչ այդ ոստիկաններն իրենց հետևել են, մտել են վագոնները, անընդհատ կապ են հաստատել ինչ-որ մարդկանց հետ։  Դեպքի վայրում եղած ակտիվիստ Մարիա Պետրոսյանը պատմել է, որ այդ անձը նաև անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել իրենց հասցեին, բայց կողքը կանգնած ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել։

«Ինքը կարգադրություններ էր տալիս և իրեն լսում էին, հետևաբար նա ոստիկան էր, և երևի հենց մետրոյի ոստիկանության ներկայացուցիչ էր։ Անպայման կփորձենք պարզել իր անձը և հետևողական լինել, որովհետև նման անսանձ վարքագիծ դեռևս չէի հանդիպել»,- ասել է Պետրոսյանը։

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը կասկած հայտնել է, որ միջադեպը նախապես պլանավորված է եղել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս