Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրգործի կարճման որոշումը ստանալու պահանջով դիմումն ուղարկվել է ՀՔԾ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. դեկտեմբերի 28-ին դիմում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման և կարճված գործի վերաբերյալ նյութերի պատճենները տրամադրելու պահանջով:
Դիմումի մեջ նշվում է, որ Հ. Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը բազմիցս դիմումներ և միջնորդություններ են ուղարկել ՀՀ արդարադատության տարբեր ատյաններ` Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով, սակայն ստացել են մերժումներ:
Դիմումում մասնավորապես նշվում է, որ քրեական գործ հարուցելու փուլում վարույթն իրականացնող մարմինը մահացած կամ կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի մերձավոր ազգականներից մեկին պետք է ճանաչի տուժողի իրավահաջորդ, եթե նա այդպիսի ցանկություն է հայտնել:
2013 թ. դեկտեմբերի 27-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացվեց վերջին միջնորդությանը պատասխան գրություն, որով տեղեկացնում էին, որ Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:
Դիմումում նաև նշվում է. «…դատական ակտում առկա պատճառաբանությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայկ Մովսիսյանը հանդիսացել է թիվ 62202513 քրեական գործով տուժող, իսկ Հ. Պետրոսյանի և նրա ներկայացուցիչների դիմումերի մերժումները եղել են կամայական և անօրինական»:
Ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը` դիմումատուն հանդես է եկել 2013 թ. դեկտեմբերի 10-ին կայացված քրեական գործը կարճելու մասին որոշման և կարճված գործի նյութերի պատճենները ստանալու պահանջով: