«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:
Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել ջրամատակարարման, աղբյուրներում ջրի ծավալների նվազման հետ կապված, ավելացել են վթարների դեպքերը: Միաժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են:
Պ.Լորենը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ից նոր ստեղծված կոնսորցումը, որտեղ առաջատարը «SAUR» ֆրանսիական ընկերությունն է (որը կառավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն), ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը: Ըստ նրա` կառավարման փոխանցման գործընթացն իրականացվում է բնականոն կերպով, այդ առումով դժվարություններ չեն առաջացել:
Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց գործընթացի` սահուն եւ սպառողների համար առանց դժվարությունների իրականացման կարեւորությունը: Անդրադառնալով համայնքներում ջրամատակարարմանը` նա հորդորեց հետեւողական լինել ինչպես ընթացիկ խնդիրների լուծման հարցում, այնպես էլ, հնարավորության դեպքում, կանխել դրանց առաջացումը: Ա. Գեւորգյանը կարեւորեց ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման ապահովման համար մշտական աշխատանքների իրականացումը` առաջարկելով սերտորեն համագործակցել նաեւ համապատասխան համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը հորդորեց նաեւ բնակչությանը պարտադիր իրազեկել առաջացած խնդիրների, դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին