Հաքերները վիրուսներ են տարածել Yahoo-ի պորտալների միջոցով
Yahoo! Ինտերնետային ընկերությունը հայտարարել է, որ իր եվրոպական պորտալներից մի քանիսը նախորդ շաբաթվա ընթացքում տարածել են վնասաբեր ծրագրեր, որոնք պոտենցիալ վտանգ են պարունակում հազարավոր օգտագործողների համար։
Այս խնդրի մասին առաջինը գրել էր համակարգչային անվտանգության մեջ մասնագիտացած FOX-IT ընկերությունը։ Yahoo-ն հետագայում հաստատեց մի քանի պորտալների վարակված լինելու փաստը՝ պարզաբանելով, որ ads.yahoo.com համակարգում հայտնվել են գովազդային բաններներ, որոնցում վնասակար կոդ է պարունակվում։ Նման գովազդի տեղադրման թույլտվությունը ընկերությունը չէր տվել։ Խնդիրը կարճ ժամանակ անց վերացվել է, սակայն չի բացառվում, որ մեծ թվով համակարգիչներ վարակված լինեն։
Fox-IT-ի վարկածը, սակայն, ավելի վախեցնող է։ Ընկերությունը հայտարարել է, որ ամեն ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել մոտ 300 հազար համակարգիչ, որի արդյունքում վարակվել է 27 հազար համակարգիչ։ Ամենից շատ տուժել են Ռումինիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։