Վրաստանի նախագահն ու վարչապետը վիրահայությանը շնորհավորել են Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին  եւ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհավորել են Վրաստանում բնակվող հայերին` Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի կապակցությամբ:

«Իմ հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առթիվ, որը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Հայերի և վրացիների բարեկամությունը նույնքան երկար է, որքան մեր երկրների պատմությունը»,- ասված է Մարգվելաշվիլիի շնորհավորական ուղերձում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի նախագահը նշել է, որ հպարտանում է ազգությամբ հայ իր մեծանուն հայրենակիցներով, որոնք մեծ նվաճումներ են ունեցել գիտության, մշակույթի ոլորտներում և հասարակական կյանքում:

Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանում բնակվող բոլոր հայերին մաղթել է առողջություն, երջանկություն և խաղաղություն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհավորանքը հրապարակվել է Facebook –ի իր պաշտոնական էջում:

«Այսօր` հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին լուսավոր այս տոնի առթիվ: Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, եւ մեր բազմադարյա եղբայրությունն ու բարեկամությունը անսասան են: Համոզված եմ` մենք դեռ երկար կաշխատենք միասին ի նպաստ մեր երկրի»,- նշել է Գարիբաշվիլին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս