
Լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ Պորտուգալիայում եռօրյա սուգ է

Լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոյի մահվան կապակցությամբ Պորտուգալիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Դա նշանակում է, որ պետական բոլոր հաստատություններում կիջեցվեն դրոշները, և երկրում կհետաձգվեն զվարճանքի բոլոր միջոցառումները:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստը մահացել էր անցած գիշեր, 71 տարեկան հասակում: Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել:
Էյսեբիոն ծնվել է 1942 թ., այժմյան Մոզամբիկի տարածքում, որը ժամանակին պորտուգալական գաղութ է եղել: 1957թ. նա սկսել է իր կարիերան տեղական ֆուտբոլային ակումբում, իսկ 3 տարի անց տեղափոխվել է լիսաբոնյան «Բենֆիկա», որի կազմում 11 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը: Ընդհանուր առմամբ, «Բենֆիկա»-ում Էյսեբիոն անցկացրել է 15 տարի՝ խփելով 727 գոլ: Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 64 խաղ՝ դառնալով 41 գոլի հեղինակ: