
The Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել Վլադիմիր Պուտինին

Բրիտանական The Times թերթը «Տարվա մարդ» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Թերթն ընդգծել է, որ 2013 թվականը դարձավ Պուտինի կարիերայի գագաթնակետը, երբ նա կարողացավ Ռուսաստանը վերադարձնել միջազգային արենա: Թերթը, մասնավորապես, ընդգծել է Պուտինի դերը Սիրիայի հակամարտության և ուկրաինական հարցի կարգավորման մեջ:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինին հաջողվել է ընդդիմությանը հարկադրել խաղալ իր կանոններով: Որպես օրինակ է բերվում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու օրինակը, որին մեղավոր ճանաչեցին «Կիրովլեսի» գործով և միաժամանակ թույլատրեցին մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին:
Թերթը Պուտինի մասին գրել է, որ նա իսկական հաղթող է, ով խնդիրներ է ստեղծում` դրանք լուծելու համար: Որպես օրինակներ են բերվում «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն և Pussy Riot պանկ խմբի մասնակիցներին Պուտինի կողմից ներում շնորհելը:
The Times-ը գրում է, որ անգամ Վոլգոգրադի երեկվա սարսափելի ահաբեկչությունը, ուր 10 ամիս առաջ Պուտինը շարադրել էր իր ազգայնական դիրքորոշումը Ստալինգրադի ճակատամարտի տարեդարձի տոնման ժամանակ, հազիվ թե, բացասաբար ազդի նրա հեղինակության վրա:
Թերթն ընդգծել է, որ Վոլգոգրադի պայթյունն ազդարարեց Հյուսիսային Կովկասի զինյալների դեմ պայքարում Պուտինի պարտությունը, սակայն ենթադրվում է, որ Պուտինը դա օգտագործում է նրա համար, որ Սոչիի օլիմպիական խաղերից առաջ արմատական իսլամականներին ճնշելու հարցում ստանա միջազգային աջակցություն: