Խաչիկ Ասրյան. Խաղաղության, կայունության և մեր հավաքական ուժի հավատամքով թող արծիվ զավակներ ծնեն հայոց մայրերը
Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդ՝ մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 35.000 անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայկական բարձրավանդակում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2014 թվականին մաղթում եմ Ձեզ է՛լ ավելի վստահություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և մեծագույն ու անշրջելի ձեռքբերումներ՝ ի փառս դարերի փորձությունների մեջ սրբագործված հայկական ավանդական Ձեր օջախների և բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց անկախ պետականության:
Խաղաղության, կայունության և մեր հավաքական ուժի հավատամքով թող արծիվ զավակներ ծնեն հայոց մայրերը, որովհետև նրանց բազկի ու մտքի սլացքի մեջ է մեր պետականության հզորության բանալին:
Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:
Երկիր մոլորակում տեղի ունեցող ներկա մարտահրավերների մեր ժամանակներում, երբ մշտապես վտանգված է մեր հայրենիքի խաղաղությունը, երբեք չկորցնեք ձեր զգոնությունը՝ մեր ազգային համախմբվածությունը մշտապես պառակտող մեր արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ:
Տեր եղե՛ք մեր բոլոր ձեռքբերումներին: Հայոց պետականության հզորությունը՝ յուրաքանչյուրիս հզորությունն է:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երկարակեցություն, շարունակական հաջողություններ պետականաշինության գործընթացներում: Մաղթում եմ Ձեզ նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված մեզ՝ բոլորիս պահապան:
Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան