Նաիրա Զոհրաբյան. Պարոն Օսկանյանը կբավարարի Տիգրան Սարգսյանի տեղեկացված լինելու իրավունքը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսում «օֆշորային» հայտնի սկանդալի շուրջ նոր բացահայտումներ է արել: Նախ նա նշել է, թե ինքը ամենաշահագրգռվածն է, որ իր անվան շուրջ կապվող պատմությունը մինչև վերջ կբացահայտվի, ապա հայտարարել է, թե իր անվամբ Կիպրոսում ձեռնարկություն գրանցել է մի կին, որը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամուհին է:
«Այդ կինը, որը Կիպրոսում իմ անունով ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել նաև մահացած մարդկանց անունով: Ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ի՞նչ բացատրություններ կտա` արդյո՞ք սա նրա համար նույնպես անսպասելի տեղեկատվություն է, թե՞ այս տեղեկատվության աղբյուրների հիմքում հենց ինքն է կանգնած»,- հայտարարել է նա` ակնարկելով, որ «օֆշորային» պատմության պատվիրատուն հենց Վարդան Օսկանյանն է:
168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետի վերոնշյալ բացահայտմանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Տիգրան Սարգսյանը իրավունք ունի լինել տեղեկացված և ես վստահ եմ, որ պարոն Օսկանյանը կբավարարի Տիգրան Սարգսյանի տեղեկացված լինելու իրավունքը և անպայմանորեն կպատասխանի նրան: ՀՀ քաղաքացիներն էլ նույնանման իրավունք ունեն լինել տեղեկացված և հստակ պատասխան ստանալ Տիգրան Սարգսյանից` իր անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ: Բայց, ցավոք սրտի, որևէ բացատրություն, թե ինչպես նրա ստորագրությունը հայտնվեց օֆշորային լրջագույն փաստաթղթի տակ, մենք չստացանք, այն էլ այն դեպքում, երբ Կիպրոսի գլխավոր դատախազն այստեղ պաշտոնապես հայտարարեց, որ ուղղակի բացառվում է առանց մարդու գիտության, իրազեկության ու լիազորության նման գործընթաց սկսել:
Եթե Տիգրան Սարգսյանը հարգում է իր տեղեկացված լինելու իրավունքը, ապա պիտի հարգեր նաև ՀՀ մնացած բոլոր քաղաքացիների, այդ թվում` քաղաքական ուժերի, նույնանման իրավունքը և տար պատասխան ոչ միայն իր անվան հետ կապված օֆշորային սկանադալի, այլև` «Նաիրիտի» հարյուր միլիոնավոր մսխված դոլարների և այլ խնդրահարույց պատմությունների համար»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը որոշեց հենց հիմա Վարդան Օսկանյանի անունը կապել «օֆշորային» պատմության հետ, Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան հորդորեց հարցն ուղղել Տիգրան Սարգսյանին. «Հարցն ուղղեք նրան, որովհետև ես Տիգրան Սարգսյանի մտքերը դժվարանում եմ կարդալ. այդ հարցում նա իրեն կցված լրագրողներ ունի, որոնք «չակրաների» ու «կարմաների» մեծ մասնագետներ են և համառորեն Տիգրան Սարգսյանից փորձում են Մահաթմա Գանդի կերտել: Նրանք կարողանում են Տիգրան Սարգսյանի մատի յուրաքանչյուր շարժման մեջ դարակազմիկ իրադարձություններ կանխագուշակել, ուստի այդ հարցին թող իրենք պատասխանեն»: