Իսրայելյանը մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեջ
Դատարանը Խ. Իսրայելյանին մեղավոր է ճանաչել զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեջ: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Խ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդգրկված է եղել ճաշարանի վերակարգում որպես հերթապահի օգնական և ստանձնելով իր պարտականությունները, նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում ինքնակամ թողել է զորամասը՝ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո մեկ օր անց՝ ինքնակամ ներկայացել է ծառայության վայր: Ըստ datalex-ում տեղադրված վճռի՝ մինչև դատաքննությունը սկսելը Խ. Իսրայելյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով. առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել:
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Խ. Իսրայելյանին մեղավոր է ճանաչել: Որպես նրա պատիժը մեղմացնող հանգամանք դիտվել է այն, որ նա անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար, առաջին անգամ է կատարել ոչ մեծ ծանրության հանցանք, զորամասի հրամանատարի կողմից բնութագրվում է դրական և ինքնակամ է ներկայացել զորամաս:
Դատարանն ամբաստանյալ Խաչիկ Գարիկի Իսրայելյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել: Առաջին ատյանի դատարանի վճռով Խ. Իսրայելյանը դատապարտվել է կալանքի 1 ամիս ժամկետով:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան: