Ճանշինները Սելիմի լեռնանցքում խոստանում են անցանելի ճանապարհ
Սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով ‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
Բքի և ուժգին քամու պայմաններում, որը հատուկ է Հայաստանի հյուսիսային հատվածի կլիմային, թերևս ամենաբարդը Սելիմի լեռնանցքի անցանելիությունն ապահովելն է։ Սակայն այս տարածքը սպասարկող ճանշինի աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառմամբ՝ լեռնանցքն անցանելի է, բացառությամբ եղանակային այն տհաճ անակնկալների, երբ առանձին օրերի ուժգին քամին խոչընդոտում է ճանշինների աշխատանքը:
Ակնհայտ էր, որ նշված մարզերի ավտոճանապարհներն սպասարկող ճանշինների աշխատակիցները հավուր պատշաճի էին կատարել իրենց աշխատանքը. դա էր վկայում ճանապարհների մաքուր և լիարժեք անցանելի վիճակը: Այցի պահին այս հատվածում կատարվում էին կողնակների մաքրման և ճանապարհների լայնացման աշխատանքներ: Շրջայցի ընթացքում ճանշինների ղեկավարներին հանձնարարվեց հնարավորին կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել նաև այդ աշխատանքները:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը ընդհանուր առմամբ գոհ էր կատարված աշխատանքից.
«Ամբողջ շրջայցի ընթացքում ճանապարհներին մերկասառույց չնկատեցինք: Ծածկն ամբողջովին ասֆալտապատ էր, մաքրման աշխատանքները գնահատում եմ լավ: Ինչ վերաբերում է ճանապարհների լայնացմանը, ապա կատարվում են կողնակների մաքրման աշխատանքներ, որպեսզի ճանապարհներն ամբողջովին ծառայեն նպատակին»,-նշեց Աշոտ Արշակյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն