Մեղադրվում է ընկերոջ համար անչափահաս աղջիկ առևանգելու մեջ
Առաջին ատյանի դատարանը Գ. Հարությունյանին մեղավոր է ճանաչել աղջկան առևանգելու մեջ և դատապարտել 4 տարի ազատազրկման: Դատարանի վճռով՝ այդ պատժաժամկետը պայմանականորեն չի կրառվել:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Գ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ խնդրանքով վերջինիս համար ամուսնության նպատակով անչափահաս Զ. Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, իրենց ընկեր Ք. Մուսայելյանի հետ, նույն օրը Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով` խմբի կազմում առևանգել են Զ. Մ.-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ datalex-ում տեղադրված վճռի՝ Գ. Հարությունյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում: Որպես ամբաստանյալի պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել Գ. Հարությունյանի անկեղծորեն զղջալը, նախկինում դատվածություն չունենալը, դրական բնութագրվելը, ինչպես նաև այն, որ նա մշտական հետազոտության և բժշկական հսկողության կարիք ունի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նքա դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարվա փորձաշրջան:
Նշենք, որ դատավճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան: