«2014 թ-ի հունվարի 1-ին ժամը 15:00-ին դուրս գանք Ազատության հրապարակ». պայքար ընդդեմ ստրկության
Արդեն երկու օր է՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ մի խումբ երիտասարդներ իրազեկման թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքում: Անարգելով սաստիկ ցուրտն ու անբարենպաստ եղանակը՝ նրանք ոտքով շրջում են Երեւանի փողոցներով եւ բաժանում թերթիկները: Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը:
«Մենք ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հենց հունվարի 1-ին դուրս գալ փողոց եւ կերտել Նժդեհի երազած Հայաստանը: Այդ օրը նաեւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, եւ մենք պարտավոր ենք դժգոհել այս իշխանությունների եւ կյանքի դեմ՝ հարգելով նրա սուրբ հիշատակը: Այսօր էլ մենք շարունակելու ենք թռուցիկներ բաժանել եւ ամեն օր մինչեւ հունվարի 1-ը: Մենք մտնելու ենք նաեւ քաղաքացիների տները եւ նրանց հանձնելու ենք իրազեկման թերթիկ: Մեր ակցիան բաց է բոլորի համար: Բոլորին հրավիրում ենք, նրանք, ովքեր դժգոհ են այս իշխանություններից ու սոցիալական վիճակից, թող դուրս գան փողոց, հետո ուշ է լինելու»,- ասել է Շահեն Հարությունյանը:
Շահենը կայքի հետ զրույցում ասել է, որ երեկ ոստիկանները փորձել են խոչընդոտել նրանց ակցիան, սակայն նրանք շարունակել եւ շարունակելու են թռուցիկներ բաժանելու գործընթացը:
«Մենք խնդրեցինք մեզ բացատրել, թե օրենքով որտեղ է արգելված, որ մենք իրավունք չունենք թերթիկ բաժանելու, մենք բացատրեցինք, որ մենք օգտվում ենք իրազեկման մեր իրավունքից եւ բոլորի համար ենք պայքարում»:
Շահեն Հարությունյանն ասաց նաեւ, որ իրենք այսպիսով պահանջում են նաեւ Շանթ Հարությունյանի եւ մյուս կալանավորների նկատմամբ կիրառել օրինական գործողություններ, նրանց ազատ արձակել:
«Հայրս հացադուլի մեջ է, նրա նկատմամբ կիրառել եւ կիրառում են անօրինականություն: Նրա տեսակցությունները արդեն համարյա 50 օր արգելվում է՝ անիմաստ տեղը»:
Մանրամասները այստեղ`