Հաջորդ տարի ԼՂՀ համայնքների զարգացման ու հայրենադարձության ծրագրերին կուղղվի 300 մլն դրամ
Արցախում ազգային պետական վիճակախաղի առաջինխաղարկությանն ընդառաջ շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից սպառված է 250 000-ը: «Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 միլիոնը կուղղվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների,ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Խաղարկությունը կսկսվի դեկտեմբերի 28-ին` առավոտյան ժամը 11:00-ին, և կտեւի մոտ 6 ժամ: Վիճակահանության օրը խորհրդանշական է Արցախի համար. տասնամյակներ առաջ հենց դեկտեմբերի 28-ին են տեղի ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները:
Վիճակախաղի տոմսերը շրջանառության մեջ են դրվել մայիսի 9-ից. մեկ տոմսնարժե 2000 դրամ: Արթուր Աղաբեկյանը խոստովանում է, որ գաղափարը մշակելիս չեն կասկածել, որ հասնելու են հաջողության: Չեն կասկածել նաեւ, որ հայ ժողովուրդը միահամուռ կերպով մասնակցելու է վիճակահանության ոչ թե հանուն շահումների, այլ հանուն Արցախի վերաբնակեցման եւ զարգացման: «Վիճակախաղի տոմսը դիտարկենք որպես ազգային տուրք եւ գիտակցենք, որ մասնակից ենք դառնում շատ կարեւոր մի գաղափարի կյանքի կոչմանը»,- ասում է փոխվարչապետը` հավելելով, որ հաջորդ տարի շրջանառության մեջ կդրվի մեկ միլիոն տոմս:
«Վերաբնակեցման հարցը զինադադարից հետո Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում քննարկվող ամենակարեւոր թեմաներից է: Տարիներ շարունակ հարցն այդպես էլ չի իջնում ամբիոնից», -նշում է Արթուր Աղաբեկյանը ` հավելելով, որ վերաբնակեցման հարցը պետք է լինի արդիական ու կախված չլինի իշխանության եկած քաղաքական ուժի ցանկությունից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: