«Գազային» պայմանագիրը պետք չէ Մաքսային միությունից առանձին դիտարկել
Հայտնի «գազային» համաձայնագրերը, ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչների կարծիքով, որևէ առնչություն չունեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ:
Ըստ նրանց` համաձայնագրերով սահմանված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքը պետք չէ նույնացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշման հետ:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը ոչ իշխանական ուժերի այն կեցվածքը, որով նրանք դեմ են «գազային» համաձայնագրերին, բայց կողմ են արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, նմանեցրեց անկախության հանրաքվեից առաջ դաշնակցականների հայտնի կարգախոսին ու վերափոխելով. ասաց. «Գազայինին դեմ ըլլալով, մաքսայինին կողմ կըլլանք»: Նա հայտարարեց, թե «գազային» պայմանագիրը Մաքսային միությունից առանձին դիտարկել պետք չէ` շետելով, որ դա Հայաստանի համար Մաքսային միության անդամակցության այցետոմսն է:
Այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ըստ էության համաձայնելով Շահնազարյանի գնահատականին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Գազպրոմ» ընկերությունը պարզապես մասնավոր ընկերություն չէ և պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Նա նաև չբացառեց, որ Մաքսային միությանն անդամակցությանը կողմ ոչ իշխանական ուժերը, ովքեր միաժամանակ դեմ են «գազային» համաձայնագրերին, փոխել են իրենց կարծիքն ինտեգրացիայի հարցում: «Ես չեմ բացառում, որ այն անձինք, ովքեր կողմ էին արտահայտվում ՄՄ անդամակցությանը, կարող են իրենց կարծիքը փոխել: Նրանք, ովքեր պնդում էին, որ անվտանգության խնդիր ենք լուծում, հիմա հասկանում են, որ անվտանգությունը խախտվում է, ուստի ես չեմ բացառում, որ կարող են հրաժարվել իրենց կարծիքից»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով` Մաքսային միությունը ոչ տնտեսական փոխշահավետ, ոչ էլ ՀՀ անվտանգության հարցը լուծող միություն է. «Անդամակցությունը սպառնալիքների, շանտաժների վրա է կատարվում, ու «գազային» այս համաձայնագիրն էլ դրա վառ օրինակներից է: «Գազպրոմն» ուղղակի մասնավոր ընկերություն չէ. «Գազպրոմի» բաժնետոմսերի 51 տոկոսը ՌԴ-ինն է»:
Ի պատասխան մեր հարցին, թե` կարծում եք, որ, օրինակ, ՀՅԴ-ն, որը հստակ հայտարարեց ՄՄ անդամակցությանը կողմ լինելու մասին, բայց միաժամանակ «գազային» համաձայնագրին դեմ արտահայտվեց, այսօր փոխե՞լ է իր դիրքորոշումը, Զ. Փոստանջյանը հիշեցրեց. «Ես իրենց փոխարեն չեմ կարող ասել, բայց համենայնդեպս պարոն Ռուստամյանն ԱԺ ամբիոնից մոտավորապես հայտարարեց, որ իրենք կողմ էին Մաքսային միությանը, բայց տեսնելով այս համաձայնագրերը` փոխում են կարծիքը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ զարմացավ` ինչպե՞ս կարող են «գազային» համաձայնագրերը փոխկապակցված լինել Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:
Նա հորդորեց «Գազպրոմ» ընկերությունը չնույնացնել Ռուսաստանի հետ, ապա նշեց. «Բացարձակապես այդպես չէ: Մենք, այո, ՄՄ անդամակցությունը ողջունել ենք ու համարում ենք, որ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունները պետք է ամրապնդվեն, և, եթե մեկն ինձ բացատրի, թե ամրապնդմանն ինչո՞վ է նպաստում այս համաձայնագիրը, ես կզարմանամ: Որովհետև բարեկամությունը չի կարող կապ ունենալ նվաստացման ու ստորացման հետ: Իսկ այս համաձայնագրով նվաստացում է տեղի ունենում, իսկ Մաքսային միությանն անդամակցելը կապված է մեր լինելիության, անվտանգության հետ, ու այստեղ խոսքը միջպետական հարաբերությունների մասին է, որտեղ Հայաստանը սուբյեկտ է դիտվում: Իսկ «գազային» այս պայմանագրերում ոչ միայն Հայաստանը սուբյեկտ չէ, այլև` կորցրել է հավասարը հավասարի պես բանակցելու հանգամանքը, որովհետև մի կողմում` ՀՀ կառավարությունն է, մյուս կողմում` «Գազպրոմը»»:
Նա կրկին շեշտեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չպետք է նույնացնել ռուսական իշխանությունների հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե ՄՄ անդամակցությունն ու «գազային պայմանագիրն» իրար հետ «ընդհանրապես չեն կապվում»: «Ի՞նչ կապ ունի միջազգային, միջտնտեսական պայմանագրի ձևաչափն այլ պետության մեջ գործող կոմերցիոն ընկերության հետ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը` կրկնելով, որ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, երբ տնտեսական հիմնավորումներին ծանոթանան: Իսկ ինչ վերաբերում է «գազային» համաձայնագրերին, ապա Տ. Ուրիխանյանը շեշտեց, որ դա ՀՀ շահերից չի բխում:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ