ԱՄՆ-ը հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրաքին՝ «Ալ Քաիդային» դիմակայելու համար
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շուտափույթ սկսում է Իրաքին մատակարարել Hellfire տիպի տասնյակ ղեկավարվող հրթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ԱՄՆ-ը որոշել է անհապաղ օգնել Իրաքի կառավարությանը՝ կապված այդ երկրում «Ալ Քաիդայի» կողմնակիցների նկատելի ակտիվացման հետ:
Նախորդ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային օգնության խնդրանքով դիմել էր Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, ով այցելել էր Վաշինգտոն: Նման այցի համար հիմք էր ծառայել այն, որ «Ալ Քաիդայի» իրաքյան մասնաճյուղ համարվող «Իրաքում իսլամական պետություն» կազմակերպությունը ընդլայնել էր իր վերահսկողության գոտին Իրաքի հյուսիսում ու արևմուտքում:
Այս տարի Իրաքում զինյալների գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 8000 մարդ, որոնցից 952-ը հանդիսանում են Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցներ: Իրաքում բռնության նման մակարդակն ամենաբարձրն է՝ սկսած 2008 թվականից: