Ակադեմիայում կներդրվի տեխնիկապես հագեցած հեռավար ուսուցման հարթակ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է լրացուցիչ հեռավար կրթություն ծրագիրը, որը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին`անվճար հեռավար կրթություն ստանալ մոտ 20 տարբեր ուղղություններով: Դասընթացներին մասնակցելու միակ նախապայմանն այն է, որ անհրաժեշտ է ունենալ առնվազն կրթության բակալավրի աստիճան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը` նշելով, որ դասընթացների ուղղություննները պարզ կլինի կարիքների գնահատման արդյունքում` սոցհարցումների միջոցով, որից հետո կկազմվեն համապատասխան ուսումնական պլանները, քննական թեստերը և այլն:
«Դասընթացները կլինեն, օրինակ,բիզնես կառավարում, հաղորդակցական հմտություններ, կառավարման հոգեբանություն, անգլերեն և այլն: Այս ամենն ուղղված է լինելու թիրախային խմբերի համար հնարավորություն ստեղծելուն, որոնց թվում են բուհերի շրջանավարտները, ովքեր գործազուրկ են»,- ասաց Ա. Հարությունյանը` նշելով, օրինակ, տնային տնտեսուհիներին, ովքեր գործազուրկ են և ինչ-որ հմտություների և գիտելիքի պակասի պատճառով չեն կարողանում իրենց տեղը գտնել այժմյան աշխատաշուկայում, և կկարողանան նշյալ ծրագրով ձեռք բերել այդ անհրաժեշտ հմտությունները:
Ծրագրի առաջին տարում ուսուցումն անվճար է լինելու, բացի այդ, եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ունենա հեռաուսուցման համար անհրաժեշտ նոութբուքեր կամ նեթբուքեր, ապա կենտրոնը նախատեսել է սոցիալապես անապահով ուսանողներին` ժամանակավոր օգտագործման համար նոութբուքեր տրամադրել, որոնք ուսանողները կենտրոնին պետք է վերադարձնեն ծրագրի ավարտից հետո:
«Նոր տարում մենք ծրագրի մեկնարկային մեծ սեմինար կկազմակերպենք, որտեղ և կներկայացնենք առաջարկվող դասընթացների ծրագրերն ու հնարավորությունները»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ստացված դրամաշնորհի շրջանակներում: