Բաժիններ՝

«Նաիրիտում» չգիտեն՝ մինչև Ամանոր աշխատավարձ կստանա՞ն, թե՞ ոչ

168.am-ն արդեն գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում կրկին ուշացնում են աշխատավարձի վճարումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ գործարանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով հերթական խոստումն է տվել, թե գումարը հինգշաբթի  օրը կլինի: Ընդ որում՝ Մովսիսյանը նաև նշել է, թե ինքն այլևս նաիրիտցիների աշխատավարձերի հետ գործ չի ունենալու՝ վստահաբար նշելով, թե ռուսական կողմի հետ գործարքը կկայանա ու հունվարի 20-ից հետո հարցը կլուծվի:

Գործարանի արհկոմի ղեկավար Հրաչ Թադևոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հանդիպել են Մովսիսյանի հետ, բայց նշեց, թե աշխատավարձ վճարելու օրը հստակ չի նշվել: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ամանորից առաջ առանց աշխատավարձի թողնեն աշխատակիցներին, Թադևոսյանը պատասխանեց. «Երևի չեն թողնի»:

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ռուսական պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում` Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: Սակայն տարօրինակ է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անունն այստեղ չի շրջանառվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս