Բաժիններ՝

Շալվա Նաթելաշվիլին պահանջել է կառավարության հրաժարականը՝ կապված գլխավոր դատախազի դատված լինելու հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին պահանջել է Վրաստանի կառավարության հրաժարականը՝ կապված երկրի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեի դատվածություն ունենալու հետ:

Սրանից առաջ Թբիլիսիի քաղաքպետ Գիգի Ուգուլավան, որի գործառույթները ժամանակավորապես կասեցրել է դատարանը, հայտարարել էր, որ Պարցխալաձեն ժամանակին դատվել է Գերմանիայում կողոպուտի համար: Պարցխալաձեն մասնակիորեն էր հաստատել դա՝ ընդգծելով, որ 2000 թվականին Գերմանիայում իրեն դատել են ոչ թե կողոպուտի, այլ՝ ոստիկանի հետ կռվելու համար:

Պարցխալաձեն «քաղաքական կեղտոտ կամպանիա» է որակել այն խոսակցությունները, որ, իբրև թե, Գերմանիայում իրեն ազատազրկել են ավելի ծանր հանցանքի համար: Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ իրավունքի պատմության մեջ գրանցվեց աննախադեպ իրադարձություն՝ նկատի ունենալով այն, որ Վրաստանում օրենքի գլխավոր պահապան են նշանակել ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված մարդու:

Նաթելաշվիլին կարծում է, որ այդ ամենի քաղաքական ողջ պատասխանատվությունը դրվում է Վրաստանի կառավարության վրա, որն ընդունել է նման որոշում: Նաթելաշվիլին վարչապետին կոչ է արել հրաժարական տալ և իր հետ տանել նախարարների ողջ կաբինետին, հակառակ դեպքում երկրում իրադարձությունները կզարգանան շատ ծանր սցենարով:

Նաթելաշվիլին մանրամասնել է, որ նկատի ունի այն, որ տվյալ դեպքում զարգացումները կհանգեցնեն (նախկինում իշխող) «Միասնական ազգային շարժում» կուսակցության ամբողջովին վերակենդանացմանը, իսկ ժողովուրդը երբեք չի ների դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս