Լևոն Զուրաբյանը՝ դեմ քվեարկելու համար ՌԴ-ից շատ վախենալու և այլ մեղադրանքների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ «գազային» պայմանագրերի քվեարկությունը բոյկոտելու, ՀՀԿ-ականների գրանցման քարտերը վերցնելու փոխարեն՝ շատ լավ կլիներ, որ այն ընդունվեր 72 կողմ, 53 դեմ ձայների հարաբերակցությամբ, բայց չգնացին նման քայլի, որովհետև ոչ իշխանական ուժերը «ՌԴ-ից շատ են վախենում դեմ քվեարկելու համար»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարի այս գնահատականներին, ասաց. «Ես ուղեղիս շատ ավելի լավ եմ վերաբերվում և չեմ ցանկանում այդ անձնավորության ռեբուսները վերլուծել: Եթե կան մարդիկ, որոնք համոզված են, որ բառակույտի մեջ ինչ-որ իմաստ կա, ես այդ մարդկանց հաջողություն եմ մաղթում` նրա ասածները վերլուծելու տքնաջան գործում: Թույլ տվեք այդ գործից ես ազատ լինեմ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ է իր կարծիքով ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոչ իշխանական ուժերի միասնական քայլերից հետո հիշեցնում, որ «ԲՀԿ-ն ցրտից հիշողությունը կորցրել է», և հորդորում չմոռանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմություն չլինելու մասին հայտարարությունը: «Սա էլ մի ուրիշ մտքի գիգանտ է, որը նույնպես հայտնվել է հուսահատության ու հիասթափության գրկում: Մաղթում ենք արագ ապաքինում»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Դավիթ Շահնազարյանի որակումներին, թե ոչ իշխանական ուժերը մեկ մեսիջ ունեն «Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի», Լևոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Այս երրորդ մտքի գիգանտի մտքերը տեղավորվում են և այս եռյակը կազմում է ներդաշնակ հավաքականություն նույնատիպ մեսիջներ արտադրելու առումով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս