Մեկ տարում Վրաստանի ու ԵՄ-ի ապրանքաշրջանառությունն աճել է 2 տոկոսով, իսկ ՌԴ-ի դեպքում՝ 43 տոկոսով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի առևտրային հիմնական գործընկերների թվում զբաղեցնում է չորրորդ տեղը: 2013 թվականի առաջին 11 ամիսներին Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 680 միլիոն դոլար, ինչը կազմում է ողջ ապրանքաշրջանառության 7 տոկոսը:
Այս մասին հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 43 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ավելի քան 161.3 միլիոն դոլար (ողջ արտահանման 6.2 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստան ներկրումը կազմել է մոտ 519 միլիոն դոլար (ողջ ներկրման 7.3 տոկոսը):
Վրաստանի հիմնական երեք առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը: Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 1.4 միլիարդ դոլար (ողջ ապրանքաշրջանառության 14.1 տոկոսը), Ադրբեջանի պարագայում այդ ցուցանիշը կազմել է մոտ 1.2 միլիարդ դոլար (12.3 տոկոս), իսկ Ուկրաինայի պարագայում՝ ավելի քան 724 միլիոն դոլար (7.5 տոկոս):
Առաջին տասնյակում են նաև Չինաստանը (549.1 միլիոն դոլար, 5.7 տոկոս), Գերմանիան (476.2 միլիոն դոլար, 4.9 տոկոս), Հայաստանը (447 միլիոն դոլար, 4.6 տոկոս), ԱՄՆ-ը (մոտ 357 միլիոն դոլար, 3.7 տոկոս), Բուլղարիան (319.1 միլիոն դոլար, 3.3 տոկոս), Ռումինիան (ավելի քան 293 միլիոն դոլար, 3 տոկոս):
ԵՄ-ի երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2.6 միլիարդ դոլար (Վրաստանից արտահանում՝ 539 միլիոն դոլար, ԵՄ-ից ներկրում՝ 2.1 միլիարդ դոլար): Դա 2 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշի հետ: ԵՄ-ին է բաժին ընկնում Վրաստանի ողջ ապրանքաշրջանառության 27 տոկոսը (նախորդ տարի նույնպես այդքան էր):
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-նոյեմբերին Վրաստանի ողջ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9.7 միլիարդ դոլար, ինչը 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածը: