
ՀՀԿ-ականը՝ ընդդիմադիրների մանդատները վայր դնելու մասին. Ինչի՞ ստեղծեն քաղաքական ճգնաժամ, իբր թե մեր դարդերը քի՞չ են

Պարզվում է՝ ԱԺ ոչ իշխանական պատգամավորների մանդատները վայր դնելու առաջարկին դեմ են ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև` իշխող Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ շենքի առջև հավաքված ցուցարարները պահանջում ոչ իշխանական ուժերից վայր դնել իրենց մանդատները` դրանով խորհրդարանում ստեղծելով քաղաքական ճգնաժամ:
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասաց, որ մանդատները վայր դնելու դեպքում ոչ իշխանական ուժերը ոչ թե քաղաքական ճգնաժամ կստեղծեն, այլ` հակաժողովրդական քայլ կանեն:
«Ես չգիտեմ` ով, ինչ ա մտածում: Եթե որևէ ուժ քաղաքական ճգնաժամ («եթե»-ով եմ ասում` պայմանականորեն) ստեղծի, դա հակաժողովրդական քայլ կլինի: Կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա: Ինչի՞ ստեղծեն քաղաքական ճգնաժամ: Իբր թե մեր դարդերը քի՞չ ա, մեր մարտահրավերները քի՞չ են, հիմի էլ քաղաքական ճգանաժա՞մ…»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմությունը նրա համար է, որ ԱԺ ամբիոնը օգտագործի իր նպատակներին հասնելու համար, ուստի մադատները «վայր են դնում` ի՞նչ անեն»: