Բաժիններ՝

Նկարիչ Ռաֆայել Մեգալը Ֆլորենցիայի Բիենալեում արժանացել է արծաթե մեդալի

Մեր հայրենակից նկարիչ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան) օրերս Ֆլորենցիայից Հայաստան է վերադարձել հաղթանակով՝ արծաթե մեդալով: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 8-ը Ֆլորենցիայում տեղի ունեցած Բիենալեին մասնակցել են թվով 60 պետություն, 400 ստեղծագործող և 1500 աշխատանք: Հայաստանից միակ արվեստագետը, ով մասնակցել է մշակութային կարևորագույն այդ իրադարձությանը, նկարիչ Ռ. Մեգալն է, ով իր «Մարութա սար»՝ չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործությամբ արժանացել է Լորենցո Մեդիչիի դիմաքանդակով արծաթե մեդալին: Ի դեպ, ոսկե մեդալին արժանացել է աշխարհի լավագույն քանդակագործներից մեկը համարվող Անիշ Կապուրը:

Megal (7)

Ինքը՝ Ռ. Մեգալը, Հայաստան է վերադարձել շատ մեծ տպավորություններով և ոգևորությամբ, ավելին՝ Ֆլորենցիայի Բիենալեի մասնակցությունն ու մրցանակին արժանանալու հանգամանքը նկարչին միջազգային խոշոր նախագծերին մասնակցելու նոր հնարավորություններ է տվել:

«Շատ կարևոր և լուրջ հրավերներ ստացա: Համաշխարհային շուկա մուտք գործելու բոլոր նախադրյալներն արդեն կան, որովհետև և՛ լավագույն գալերեաներից համագործակցելու, ցուցադրվելու հրավերներ ստացա, և՛ այլ բիենալեների մասնակցության հրավերներ նույնպես:

Megal (2)

Megal (1)

Դուբլինի Բիենալեի նախագահն այնտեղ էր, իսկ այդ Բիենալեն իրականացվում է ընտրված 50 արտիստների միջև, ովքեր հիմնականում բիենալեների հաղթողներ են: Հունիսի 12-22-ը Իռլանդիայում կայանալիք Բիենալեին մասնակցելու հրավեր ստացա, ընդ որում՝ առանց մրցույթի»,- ասում է Ռ. Մեգալն՝ ընդգծելով, որ թեև առհասարակ միջազգային մշակութային իրադարձություններին մասնակցությունն ինքնին կապեր ստեղծում է, բայց Ֆլորենցիայի Բիենալեն, մասնավորապես՝ արծաթե մեդալին արժանանալու փաստն արվեստի ոլորտում մեծ հնարավորությունների դռներ բացեց:

Megal (4)

Ի դեպ, Բիենալեի ժյուրիի նախագահն, ով Ֆլորենցիայում գալերեա ունի, Ռ. Մեգալին հրավիրել է ցուցադրվելու: Ժյուրիի կազմում են եղել նաև Վատիկանից Հռոմի պապի խորհրդական Ֆրանչեսկո Բուրանելլին, ով Ռ. Մեգալի «Մայրություն» նկարը տեղափոխել է Վատիկան: Ինչպես նաև ժյուրիի կազմում են եղել «Մետրոպոլիտեն» թանգարանի արվեստաբանը, Մեքսիկայի և Ֆրանսիայի «Գեղեցիկ արվեստների» ակադեմիաների նախագահները, Դելիի Մշակույթի նախարարը և այլ հեղինակավոր դեմքեր:

Megal (6)

Այնուամենայնիվ, նշենք, որ Ֆլորենցիայի Բիենալեին Ռ. Մեգալը մասնակցել է սեփական նախաձեռնությամբ, առանց որևէ այլ անձի կամ պետական կառույցի միջամտության, ընդ որում՝ սա նրա թվով երրորդ մասնակցությունն է, քանի որ նախորդ տարիներին անցկացված Բիենալեին նա նույնպես մասնակցել է: Ռ. Մեգալը նաև տեղեկացրեց, որ իրեն աջակցելու նպատակով Ֆլորենցիա է մեկնել նաև օպերային երգիչ Բակուր Քալանթարյանը, ով «Մարութա սար» նկարի ֆոնին կատարել է Կոմիտասի ստեղծագործություններից մեկը:

«Դա ինքնատիպ մի պերֆորմենս էր, որը շատ տպավորեց Բիենալեի մասնակիցներին: Անկեղծ ասած՝ ներկաների մոտ Հայաստանի, հայ ժողովրդի մասին տեղեկատվությունը միայն կապված էր Ցեղասպանության հետ: Բայց հասկացան, որ Հայաստանն ուժեղ, մշակույթ ունեցող մի երկիր է, որտեղի արվեստագետները թվով 60 պետությունների արվեստագետների մեջ կարող են հաղթող ճանաչվել: Իրենց շատ հուզեց Բ. Քալանթարյանի Կոմիտասի ստեղծագործության կենդանի կատարումը, որը նկարիս հետ մի անբացատրելի միջավայր ստեղծեց»,- ասում է Ռ. Մեգալն՝ ավելացնելով, որ այդ կարևոր իրադարձությանը ներկա է եղել նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը:

Մենք նրան նաև հարցրեցինք, թե արդյո՞ք Մշակույթի նախարարությունից շնորհավորել են: Ռ. Մեգալը պատասխանեց՝ «Ոչ, հավանաբար տեղյակ չեն»: Նշենք, որ Ռ. Մեգալը վաստակավոր նկարչի կոչում ունի, նրա նկարները հաճախ հայտնվում են համաշխարհային խոշոր աճուրդային կենտրոններում և ցուցադրվում են միջազգային ճանաչում ունեցող գալերեաներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս