Բաժիններ՝

Թուրքիայում միտումնավոր են ապրիլի 24-ին սպանել հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըին. ականատես

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ուշագրավ զարգացում է տեղի ունեցել՝ կապված 2011 թվականի ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին – 168.am) Բաթմանի նահանգի Քոզլուքի շրջանի զորամասում հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության հետ:

Զորացրվելուց 23 օր առաջ նրա վրա «անզգուշաբար» կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, ինչից հետո «չկանխամտածված սպանություն» իրականացնելու համար նրան դատապարտել էին 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Սակայն Սևակի ընտանեկան փաստաբան Ջեմ Հալավուրտը հայտարարել էր, որ սպանությանն ականատես Հալիլ Էքշին նախ հայտարարել է, որ Աղաօղլուն միտումնավոր է սպանել Սևակին, սակայն ավելի ուշ Աղաօղլուի ընտանիքի ճնշման տակ հարկադրված է եղել հրաժարվել իր խոսքերից:

Փաստաբանը դատարանի ուշադրությունն է հրավիրել Էքշիի այդ խոսքերի վրա: Այժմ Էքշին վերստին ցուցմունք է տվել և վերստին հայտարարել է, որ Աղաօղլուն միտումնավոր է սպանել Սևակին, ինչը կարող է մեծապես փոխել իրավիճակը: Դատական նիստը հետաձգվել է 2014 թվականի փետրվարի 19-ին:

Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըի նշանած Մելանի Քումրույանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր. «Սևակի սպանությունից մոտ 6 ամիս առաջ՝ հոկտեմբեր և նոյեմբերի ամիսներին, Սևակը զանգահարել է ինձ և հայտնել, որ իր ծառայակիցները շարունակ ճնշումներ են գործադրում վրա:

Նրա ծառայակիցներից մեկը նրան ասել է, որ եթե վաղը Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա առաջինը Սևակին է սպանելու: Դա վախեցրել էր Սևակին ու ինձ: Նրա մուսուլման զինծառայակիցները Սևակին շարունակ հիշեցրել են, որ նա հայ է, ինչի համար նա որակվել է թշնամի: Բոլոր ծառայակիցների համար Սևակը թշնամի էր»:

Դրանից առաջ էլ Մելանի Քումրույանը հայտարարել էր, որ սպանությունից մեկ ամիս առաջ զորամասում Սևակին սպառնացել էին այրել: Ի դեպ, Սևակի սպանությունից հետո Թուրքիայում ի հայտ եկան նոր պաստառներ ու կարգախոսներ. 1.500.000+1+1 (1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հայերը, 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը և 2011-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչըն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս