Օսկանյանը՝ Մովսիսյանին. Հնարավոր է իրականությունը չասել, բայց երբեք պետք չէ ստել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքը համարում է գաղտնի գործարք: Դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ Վարդան Օսկանյանը ԱԺ արտահերթ նիստում հիշեցրեց. «Մենք տարիներով միասին աշխատել ենք որպես նախարար և նման բարդ իրավիճակներում եղել ենք: Բայց որպես պետական գործիչ, ինձ համար սկզբունք է եղել, որ մենք երբեք չենք դավաճանելու: Այն, որ հնարավոր է իրականությունը չասել՝ այո, բայց երբեք պետք չէ ստել ու չենք ստել: Եվ հիմա էլ ուզում եմ հավատալ, որ այսօր էլ դա չի արվում»:

Վ. Օսկանյանը նշեց, թե պետք է անկեղծ լինել ոչ միայն ԱԺ-ի, պատգամավորների, այլև  ժողովրդի հետ: «Ես ինքս՝ որպես քաղաքացի, խաբված եմ զգում: Ինչի՞, որովհետև Դուք անձամբ այս ամբիոնում բազմիցս կանգնած եք եղել ու բազմիցս հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել: Ես կարող եմ թվականներով ասել, Ձեր խոսքերը Ձեզ հիշեցնել, որ Դուք բազմիցս ասել եք՝ գազի գինը չի թանկանա: Ակնհայտ է, որ տարիների ընթացքում Հայաստանը պարտք է կուտակել երեք 300 մլն դոլարի: Փաստ է, որ պարտք ենք կուտակել ու գիտենք, որ ԱԺ-ն պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը, որը մենք չենք արել՝ Դուք չեք եկել, չեք ներկայացրել, հավանությունը չունեք, երբ Ձեզ կոնկրետ հարցրեր են տրվել, Դուք հերքել եք: Դուք եկել եք ու ուզում եք, որԱԺ-ն վավերացնի սա, ուզում եք, որ մենք մասնակից դառնանք այս գործարքին»,- շեշտեց ԲՀԿ-ական ատգամավորը: Այնուհետև հետաքրքրվեց. «Դուք գիտե՞իք՝ չե՞ք ասում, փորձում էիք մանևրե՞լ: Ե՞րբ է գինը թանկացել, Դուք գիտեիք, որ թանկացել է, եթե գիտեիք, ինչո՞ւ էիք թաքցնում ժողովրդից»:

Ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց, թե ինքը երբեք չի ասել, որ գազի գինը չի թանկանալու: «Ես ասել եմ, որ բանակցություններ են գնում Ռուսաստանի հետ՝ վերջական հարաբերությունները ճշտելու համար. ուրիշ բան ես երբեք չեմ ասել: Հիմա էլ ասում եմ՝ այն ժամանակ խնդիրը դրվեց, որ պետք է բարձրանա՝ թե ինչքան, ինչ ձևով որևէ բան պարզ չէր: Դրա համար իրականացնում ենք գազի սպառումն այն գնով, որով եղել է, մինչև վերջնական համաձայնության կգանք:

Հիմա ավարտվել են բանակցությունները, ներկայացրել ենք: Մինչ այդ չի եղել՝ թաքցնելն իմաստը չուներ»,- վստահեցրեց նախարարը:

Վ. Օսկանյանն էլ հակադարձեց՝ հետաքրքրվելով, թե 300 մլն դոլարը ե՞րբ է կուտակվել: «Դա չէր կարող հասցնել կուտակվել, եթե հավատանք Ձեր ասածին, որ բանակցությունները ավարտվել են, հետո եք… Դա մեկ ամսվա, մեկ շաբաթվա մեջ չէր կարող կուտակվել: Ձեր համաձայնությունը փաստորեն եղե՞լ է, չէ՞, որ պարտք ենք կուտակել….»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, թե գազի պարտքը կուտակվել է 2011 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս