Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու. panorama.am
«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 16-ին ուղարկել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կդրվեն քննարկման: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:
Օրինագիծը կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում կուղարկվի խորհրդարան և կդրվի շրջանառության մեջ:
Նշենք, որ կառավարություն ներկայացնելուց առաջ օրենքի նախագծի շուրջ մասնագիտական քննարկումներ էին ծավալվել, որին ներգրավվել էին նաև ԵՄ փորձագետներ: Այժմ էլ Հայաստանում է գտնվում ԵՄ մեկ այլ փորձագետ, որի հետ քննարկվում են կոմիտեի կառուցվածքի, քննիչների որակավորումը բարձրացնելու վերաբերյալ հարցերը, առանձին քննչական գործողությունների համար նախատեսված սենյակներին ուղղված պահանջները (օրինակ` ճանաչման, առերես հարցաքննությունների, անչափահասների հարցաքննությունների համար նախատեսված հատուկ քննասենյակների ստեղծում), Մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանական համայնքի հետ փոխգործակցության և հետադարձ կապի ապահովման մեխանիզմները:
Մինչ օրինագիծը կառավարությունում կքննարկվի, կայքը ներկայացնում է նախագծի մի քանի կարևորագույն դրույթներ, մասնավորապես, «ՀՀ Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի հոդված 24-ը սահմանում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը: Ըստ այդմ, քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Նույն հոդվածով, քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Քննչական կոմիտեում աշխատանքի անցնելու համար պետք է ուսումնառության անցնել Արդարադատության ակադեմիայում ի տարբերություն ներկայումս տիրող վիճակի, երբ իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձ կարող է նշանակվել քննիչ:
Այսպես, ըստ օրենքի նախագծի, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության (վարչությունների, բաժինների), Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչության, մարզային քննչական բաժնի, զինվորական տարածքային քննչական բաժնի կազմում գործող քննչիներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:
Ինչպես են վարձատրվելու նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողները:
Հոդված 41-ը սահմանում է քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը` քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության, այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սակայն մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննիչների վարձատրության համար անցումային փուլ է սահմանված նախագծի 53-րդ հոդվածով: Ըստ այդմ, քննչական կոմիտեի ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից: Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: