Թուրք սյունակագիրը ներկայացրել է Էրդողանի կառավարության տապալման պլանի մանրամասները
Թուրքական Akit թերթի սյունակագիր Աբդուռահման Դիլիփաքն իր հոդվածում նշել է, որ մշակվել է շանտաժի միջոցով վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարության ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության տապալման պլան:
Դրա հետ կապված՝ գաղտնի նկարահանվել են պոռնոտեսանյութեր, որոնցում պատկերված են ԱԶԿ-ի մինչև 40 պատգամավորներ: Կառավարության տապալման պլանով նախատեսվում է, որ հարկադրաբար հրաժարական կտա մոտ 50 պատգամավոր, ինչից հետո սեռական սկանդալի կենտրոնում հայտնված 40 պատգամավորներին ԱԶԿ-ից կներքաշեն իրենց շարքերը և կտապալեն ԱԶԿ-ի իշխանությունը:
Բացի այդ, պլանավորված է ստեղծել նոր կառավարություն, հետաձգել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (տեղի են ունենալու 2014 թվականի մարտի 30-ին – 168.am) և դրանք անցկացնել նախագահական ընտրությունների (տեղի են ունենալու 2014 թվականի օգոստոսին, և Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին նանգամ նախագահին ընտրելու է ոչ թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), այլ՝ ժողովուրդը – 168.am) հետ մեկտեղ՝ դրանով իսկ վերջ դնելով ԱԶԿ-ին:
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչների մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութեր տարածելը մշտապես հանդիսացել է Էրդողանի կուսակցության գլխավոր զենքերից մեկը՝ ներքաղաքական դաշտում անցանկալի անձանցից ու ուժերից ձերբազատվելու համար:
2010 թվականի մայիսի 10-ին սեռական սկանդալի պատճառով ստիպված եղավ հրաժարական տալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Դենիզ Բայքալը:
Դրանից օրեր առաջ թուրքական Vakit թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որը նկարահանվել էր թաքնված տեսախցիկով: Այն ժամանակ Բայքալը հայտարարել էր, որ այդպիսի դավադրությունն անհնար կլիներ առանց իշխանությունների ջանքերի:
2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական վաղաժամ ընտրություններից առաջ էլ ի հայտ եկան խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկրորդ հիմնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ազդեցիկ գործիչների մասնակցությամբ սեռական բնույթի մի շարք տեսանյութեր, ինչի հետևանքով նրանք ստիպված եղան հրաժարական տալ և հանել իրենց թեկնածությունը:
ԱԶԿ-ն դա կազմակերպել էր նրա համար, որ ԱՇԿ-ն հնարավորություն չունենա հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը (ամենաբարձրն է ԵԽ-ի անդամ 47 երկրներում) և հայտնվել խորհրդարանում, որպեսզի ԱԶԿ-ը հնարավորություն ստանա 550 հոգանոց ԹԱՄԺ-ում ստանալ պատգամավորական մանդատների առնվազն 2/3-ը՝ 367 քվե, ինչն անհրաժեշտ է օրինագծերը միայն սեփական ուժերով հաստատելու համար:
Սակայն ԱԶԿ-ի այդ պլանը չաշխատեց. ԱՇԿ-ը հաղթահարեց 10 տոկոսանոց շեմը (հավաքեց քվեների 14.29 տոկոսը) և ԹԱՄժ-ում ստացավ 53 մանդատ: Ավելին, ընտրությունների արդյունքներով, ԱԶԿ-ին անգամ չհաջողվեց ԹԱՄԺ-ում ստանալ առնվազն 330 տեղ (ԱԶԿ-ն ԹԱՄԺ-ում ստացավ միայն 327 պատգամավորական մանդատ)՝ խորհրդարանի քվեների 3/5-ը, որպեսզի գոնե կարողանա միայն սեփական ուժերով օրինագծերը դնել քվեարկության: