
Պետք է պաշտպանված լինեն Վանո Մերաբիշվիլիի իրավունքները. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել նախնական կալանքի տակ վերցված նախկին վարչապետ, նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի իրավունքները:
Դեկտեմբերի 17-ին ելույթ ունենալով դատարանում՝ Մերաբիշբիլին Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեին մեղադրել էր իր վրա ճնշում գործադրելու և իրեն շանտաժի ենթարկելու մեջ: Մերաբիշվիլիի խոսքերով՝ դեկտեմբերի 13-ի գիշերը իրեն դուրս են բերել բանտից և ենթադրաբար հասցրել են պատիժների իրագործման դեպարտամենտ, ուր և նա հանդիպել է Պարցխալաձեի հետ:
Դրա հետ կապված՝ Մարգվելաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում. «Քաղաքացի, կասկածյալ Մերաբիշվիլին ունի իր իրավունքները, և դրանք պետք է պաշտպանված լինեն օրենքին համապատասխան:
Իրենց դիրքորոշումը պետք է ֆիքսեն իրավաբանները: Այդօրինակ հարցերը կապված են ոչ թե քաղաքական գործիչների, այլ՝ իրավաբանների հետ, որոնք պետք է ստույգ ասեն, թե տվյալ դեպքում ինչ է նախատեսված օրենքով»: