Փարիզում ստորագրվեց վարկային համաձայնագիր «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և Ֆրանսիական Զարգացման Գործակալության միջև
2013 թվականի դեկտեմբերի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Մհեր Եդիգարյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Ֆրանսիայի Փարիզ քաղաք: Այցի նպատակն էր կնքել վարկային համաձայնագիր Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) և Ֆրանսիական զարգացման գործակալության (ՖԶԳ) միջև համատեղ իրականացվելիք բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
Ս/թ դեկտեմբերի 17-ին կողմերի միջև Փարիզում ստորագրվեց վարկային համաձայնագիրը, որի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Համաձայն կողմերի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (ՖԶԳ)-ն Ընկերությանը տրամադրում է 10 մլն Եվրոյին համարժեք վարկ տասներկու տարի ժամկետով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ֆինանսավորել 3000 հատ վարկ միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգոարդյունավետության բարձրացմանը:
Վարկերը տրամադրվելու են ԱՀԸ գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից 5-ից 10 տարի ժամկետով, մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով և լինելու են 2 տեսակ՝ վարկեր ուղղված բնակարանների վերանորոգման և էներգորադյունավերության բարձրացմանը մինչև 5,5մլն ՀՀ դրամ և բնակարանային բարելավման միկրովարկեր՝ մինչև 2,5 մլն ՀՀ դրամ:
Ծրագրի ներքո Եվրամիության կողմից վարկառուներին կտրամադրվի դրամաշնորհ` վարկի գումարի մինչև 10 տոկոսի չափով:
Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ինչպես ԱՀԸ այնպես և ծրագրում մասնակցող բանկերին և վարկային կազմակերպություններին: Ակնկալվում է, որ Ծրագրի խորհդատվական մասը կմեկնարկի 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին, իսկ ֆինանսավորումը կսկսի ապրիլ/մայիս ամիսների ընթացքում: